«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը հարցազրույցում ասում է, թե իբր Եվրամիության դրոշը պատռելը վատ հետևանք կունենա Հայաստանի համար: Նա համոզված է, որ Եվրոպան Հայաստանում հարգված հասկացություն է, և այդ համոզմունքով հետ է մնացել կյանքից մի 15 տարով: «Եթե սա լիներ ընդհանուր հանրային կարծիքի արտահայտություն, ապա միգուցե մենք կկարողանայինք դրան ավելի փորձագիտական գնահատական տալ», - ասում է նա:

Դե, ի՞նչ ասենք, բոլոր ժամանակների բոլոր արևմտյան լիբերալների մոլորությունն է սա` կարծել, թե իրենց գաղափարն է ճիշտը, իրենց գաղափարին է սատարում մեծամասնությունը, ինչևէ, իրենք են միակ ճշմարտության կրողը: Այդպես են կարծում ռուս լիբերալները, այդպես են կարծում Հայաստանում նրանց սակավաթիվ զինակիցները: Սրանք ի վիճակի չեն հասկանալու, թե ինչպիսի զզվանքով են վերաբերվում նորմալ հասարակությունները Եվրոպային՝ թե՛ եվրոպական վերջին տասնամյակի նոր արժեքների պատճառով, թե՛ այն բանի համար, որ Եվրամիությունն արդեն վաղուց է վերածվել ամերիկյան մասնաճյուղի: Իսկ թե ինչ բան է Ամերիկան, կարիք չկա բացատրելու ոչ մի նորմալ մարդու: Դա մի մեռնող կայսրություն է, որի միակ փրկությունը համընդհանուր քաոսի տարածումն է աշխարհով մեկ, որպեսզի նրանց ամենալիկվիդ ապրանքը` դոլարը, պահանջարկ ունենա: Հենց դա հանդիսացավ Ուկրաինայի, Սիրիայի, Լիբիայի, Իրաքի և այլ երկրների կործանման և այլ երկրների գալիք կործանման պատճառը: 

Իսկ նրանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ ասել է արևմտյան ընտրություն Հայաստանի համար, խորհուրդ կտայի ուշադրություն դարձնել Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի ճակատագրին: Այլ կերպ չի կարող լինել այս տարածաշրջանում: Այնպես որ, ավելի լավ է Ադրբեջանին ցանկանանք արևմտյան ընտրություն և օգնենք այդ երկրին լիբերալիզմի հաստատման գործում. հավատացեք, որ մեր հարևանը երեք ամիս չի ձգի իր այդ ընտրությունից հետո և կբաժանվի Իրանի, Ռուսաստանի և Հայաստանի միջև: Եվ ուրեմն, գործուղենք Անուշ Սեդրակյանին, Պարույր Հայրիկյանին, Ալեքսանդր Արզումանյանին և մյուս հայ լիբերալներին հարևան երկիր: Գոնե մի օգուտ կտեսնենք նրանցից...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել