Արմենիա վարդագույն անապակ գինին արժանացել է ոսկե մեդալի Ֆրանսիայում անցկացված «Մոնդիալ դյու Ղոզե 2015» գինու մրցույթում։ Սա Հայաստանում արտադրված առաջին վարդագույն գինին է, որը միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի։ Այս կապակցությամբ մի շարք լրատվամիջոցների համար «Արմենիա Վայն» գինու գործարանում կազմակերպվել էր շրջայց, որին ներկա էր նաև BlogNews.am-ը։

Յուրահատուկ համ ունեցող վարդագույն գինին պատրաստված է Հայաստանի ամենաճանաչված բնիկ խաղողի տեսակից՝ Արենիից։ Վարդագույն գինիները համաքայլ են սպառողական ժամանակակից միտումներին, գինեգործական միջազգային տենդենցներին։

«Մենք ունեինք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթերից, սակայն վարդագույն գինին առաջին անգամ էր արժանանում մրցանակի։ Մեծ հպարտությամբ ենք խոսում այս մասին, քանի որ մրցակցությունը թեժ էր. ներկայացված էին գինիներ ամբողջ աշխարհից»,- ասաց «Արմենիա Վայն»-ի գլխավոր տնօրեն Նարինե Բադանյանը և հավելեց, որ այս գինին վաճառվում է ոչ միայն Հայաստանում, այլև արտահանվում է Ֆրանսիա, ԱՄՆ և այլ երկրներ։ «Արտերկրում գինիների «աշխարհագրությունը» շատ մեծ է, սակայն հայկական գինին ունի իր յուրահատկությունը։ Դա գալիս է մեր խաղողից»,- նշեց նա։ Գլխավոր տնօրենից տեղեկացանք, որ այս տարի առաջին արտադրանքն են ուղարկել Չինաստան, իսկ արտադրման ծավալները տարեցտարի աճում են։

«Արմենիա Վայն»-ի անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է։ Գինու գործարանի գլխավոր խորհրդատու Ժան-Բատիստ Սուլան նշեց, որ գործարանի սարքավորումները բերված են Եվրոպայից՝ Իտալիայից, Ֆրանսիայից։ «Բոլոր սարքավորումները ժամանակակից, վերջին թողարկման են։ Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ լավ գինի ստանալու համար»,- ընդգծեց նա։

«Արմենիա Վայն»-ի գլխավոր գինեգործ Լորան Դյուբրոյն էլ նշեց, որ հնարավոր չէ պատրաստել լավ գինի վատ խաղողից։ ««Արմենիա Վայն»-ը ստեղծել է լավագույն պայմանները, որպեսզի պատրաստենք հնարավոր լավագույն գինին։ Մենք այժմ մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի ընտրենք լավագույն խաղողը։ Վարդագույն գինու համար ընտրում ենք Արենի խաղողը Վայոց Ձորից։ Խաղողի այգիներն ընտրելուց հետո ստուգում են բերքը, ապա գործարանում անում ենք խաղողի քիմիական անալիզներ, որպեսզի վստահ լինենք որակի մեջ, ինչից հետո խաղողն ընտրում ենք ձեռքով և գինին պատրաստում ենք հատընտիր խաղողից»,- շեշտեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝  Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել