Tert.am-ը գրում է.

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանի կարծիքով՝ հայերը փառավոր երիտասարդություն ունեն:

«Ես իմ հիացմունքն եմ ուզում հայտնել մեր ջահելության հանդեպ, փառավոր երիտասարդություն կա»,- ասաց հրապարակախոսն՝ անդրադառնալով «Ո՛չ թալանին» նախաձեռնության պայքարին: Վերջինս, սակայն, նշեց, թե անընդհատ մի վտանգից էր վախենում՝ որ երիտասարդների կողքին կհայտնվեն սադրիչներ:

«Վախենում էի, որ երիտասարդների կողքին կհայտնվեն մարած քաղաքական գործիչներ, արժեզրկված քաղաքական գործիչներ, որոնք ո՛չ լսարան ունեն, ո՛չ դահլիճ, և ահա, հրապարակ էր հայտնվել նրանց համար, իսկ երիտասարդների նպատակն ազնիվ էր: Այո՛, ճիշտ է «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, չի կարելի երբ ուզել ինչ թանկացնել»,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը:

Վերջինիս խոսքով՝ այս օրերի ընթացքում շատ դաժան էր հարևան պետությունների վերաբերմունքը հայերի հանդեպ. «Ապշած եմ, ռուսներն ամեն ինչ անում էին, որ Հայաստանում մայդան լինի: Թող իրենց մայդանը իրենց մեյդանում պահեն, գործ չունեն մեր երիտասարդության հետ»:

Մերուժան Տեր-Գուլանյանի խոսքով՝ այս օրերի ընթացքում երիտասարդների դեմ իրեն հրաշալի է պահել պետությունը, ոստիկանությունը՝ բացի առաջին օրվանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել