Tert.am-ը գրում է.

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը շոու է համարում այն, որ Պերմյակովի գործը հանձնվել է ՀՀ քննչական կոմիտեին, քանի որ, ըստ նրա, պարզ չէ, թե արդյո՞ք հայկական կողմն իրավունք ունենալու է բոլոր իրավական ընթացակարգերով գործը քննել:

Ըստ նրա, որոշումը բացառապես քաղաքական մոտեցում ունի: Սաքունցը նշեց, ըստ էության, ՀՀ քննչական կոմիտեն դեռ Պերմյակովի գործը որպես իրավաբանական փաթեթ չունի և ինչքան հասկանում է նաև Գլխավոր դատախազությունը չունի, և այն հայ իրավապահների ձեռքերում չէ, որպեսզի հայկական կողմն ուսումնասիրի, թե ինչ է արվել:

Սաքունցը բացի այդ նկատեց, թե ինչ իմաստ ունի քրեական գործը հանդիսավոր ներկայացնել որպես ժեստ, թե ռուսական կողմը բարի գործ է անում և ուսումնասիրությունները հայկական կողմին են ներկայացրել, այն դեպքում, երբ ռուսական կողմը իրավունք չուներ սպանության գործը քննել:

«Հիմա ռուսական կողմը փորձում է այդ ժեստը ցույց տալ, իբր լավություն են անում, այն դեպքում , երբ 6 ամիս ապօրինությամբ էին իրենք գործը քննում և հիմա միայն որոշեցին, որ պետք է դադարեցնել այդ կրկեսը: Կրկեսը վերացավ, բայց հարցերը մնում են՝, թե ինչ է քննչական գործն իրենից ներկայացնում, որին հայկական կողմը ծանոթ չէ և անհամբեր սպասում է, թե ինչ պետք է անեն»,- ասաց նա:

Երկրորդ հարցը նրա խոսքով այն է, թե հանձնվելու է արդյոք Պերմյակովը գործի հետ միասին  հայկական կողմին: «Մեր հիմնական պահանջը եղել է Պերմյակովի փոխանցումը հայկական կողմին, իսկ փոխանցելու փոխարեն քննության նյութերն են հանձնում, թուղթ են տալիս, փոխանակ տան իրական մարդուն»,- ասաց նա և հարցրեց, թե ենթադրենք, այդ նյութերի ուսումնասիրության արդյունքում ՀՀ քննչական կոմիտեի խումբը հարց ձևակերպեց, որ անհրաժեշտ է հարցաքննել ռուսական ռազմաբազայի նախկին ղեկավարին, որը ՀՀ տարածքում չէ, այդ հնարավորությունն ունենալու է արդյոք:

«Կամ եթե անհրաժեշտություն լինի առերեսում անցկացնել Պերմյակովի և իր զինակիցների միջև, հնարավորություն ունենալու է այդ առեսերումները կատարել»,- հարցրեց նա և շարունակեց, թե հարցերը բազմաթիվ են, ինչպես օրինակ՝ ո՞ր դատարանն է լսելու, Պորմյակովին ո՞վ է բերելու դատական նիստերին, որտե՞ղ է գտնվելու Պերմյակովը դատաքննության ընթացքում և այլն:

«Բավականաշատ հարցեր են, որոնց պատասխանը չկա»,- ասաց նա և համոզմունք հայտնեց, որ հասարակական ակտիվության ֆոնի վրա է, որ նման քաղաքական որոշում է կայացվել, ինչը նա որակեց անհարգալից վերաբերմունք ՀՀ-ի և հայ ժողովրդի նկատմամբ:

«Վելես» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանն էլ նույն հարցը տվեց, թե ինչու հենց հիմա և ինքն էլ պատասխանեց, թե այն կապ ունի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող բողոքի ցույցերի հետ:

«Պերմյակով գործը շքանշա՞ն է, որ այդպես հանդիսավոր հանձնում են, թող մի հատ էլ սինի կապեն ու պարացնելով բերեին Բաղրամյան պողոտա»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել