Այս տարին բարենպաստ է բերքի առումով, սակայն սա չի նշանակում, որ ոլորտում ոչ մի խնդիր չկա: Առատ բերքը պահանջում է լայն սպառման շուկա, որը միայն ՀՀ-ն չի կարող ապահովել, և անհրաժեշտ են բարենպաստ պայմաններ արտահանման համար:

ԵՏՄ անդամակցությունից հետո անդամ երկրների միջև արտահանման և ներմուծման ընթացակարգերը հնարավորինս պարզեցված են, և մաքսակետերում ներկա դրությամբ հիմնական խոչընդոտները հանդիսանում են հենց գոյացող հերթերը, որոնք շատ բացասական էլեմենտներ են պարունակում իրենց մեջ:

Արտահանողների բեռը թեթևացնելու համար օրերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ՝ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը վրաց գործընկերների հետ քննարկել է Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ժամերը երկարաձգելու հարցը` գյուղատնտեսական մթերքների արտահանման գործընթացն ապահովելու նպատակով:

Իհարկե, այս խնդիրը լիովին լուծելու համար նպատակահարմար կլիներ առանձին անցակետ ունենալ, սակայն ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, Ստեփանծմինդա-Լարս անցակետի աշխատանքային ռեժիմն ամռան և աշնան ընթացքում սահմանվել է առավոտյան 6.00-ից մինչև երեկոյան 21.00-ը՝ նախկինում գործող 6.00-ից մինչև 18.00-ի փոխարեն, ևս թեթևացնում է արտահանողների հոգսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել