Անորոշության ֆոնին քաղաքականի և քաղաքացիականի պայքարը շարունակվում է Բաղրամյան պողոտայում: Անշուշտ, սա չի կարող հավերժ լինել, ինչպես և ցանկացած «բողոքի միջոցառում», և ինչ-որ կետից սկսած՝ 2015-ի երևանյան ամառը նույնպես հատուկ էջերով ամրապնդվելու է հայկական իրողության մեջ: Անկախ այն հանգամանքից, թե ի վերջո ինչպիսի «ելքով» կավարտվի ստեղծված իրավիճակը, և ինչ «գնով» Բաղրամյանը կվերականգնի իր բնականոն երթևեկությունը, այնուամենայնիվ, մի բան արդեն իսկ փաստ է, որ Հայաստանում կա երիտասարդ, ով չի ընդունում իրերը որպես դրված:

Սա կընդունենք որպես հանրային ճնշում իշխանությունների վրա, թե իշխանությունների կողմից կոմպրոմիսի պատրաստակամության դրսևորում, արդեն, կարծում եմ, այդքան էլ էական չէ: Ժողովրդավարական կառավարման մոդելի երկրների հիմքում հենց սա էլ պետք է դրված լինի: Արդեն բազմիցս նշվել ու նշվում է, որ բողոքի շարժումը միայն քաղաքացիական և խաղաղ նպատակներ ունի: Բայց բոլոր պետություններում էլ գոյություն ունեն այնպիսի «ուժեր» կամ պարզապես միավորումներ, որոնք կարող են ունենալ ոչ ադեկվատ դիրքորոշումներ ստեղծված իրավիճակին: Սակայն սրանում անընդունելին այն է, որ այդ դիրքորոշումները, ըստ էության, պարզապես խեղաթյուրում են քաղաքացիական (խաղաղ) պահանջը: Այս օրերին մենք բազմիցս արդեն համոզվեցինք դրանում: Հատկապես ԱԻՄ-ի «ներկայությունը» Բաղրամյանում, կարծում եմ, ասվածի վառ վկայությունն է:

Պայքարի հենց սկզբից էլ միջազգային գրեթե բոլոր ԶԼՄ-ները, հատկապես ռուսական լրատվամիջոցներն անվերջ փնտրում էին այսպես ասած «հայկական մայդաններ»: Անգամ մայդան բառն այնքան շոշափվեց այս ընթացքում, որ ցուցարարները պարզապես ստիպված էին հատուկ շեշտադրել այդ բառի էության անընդունելիությունը տարբեր պաստառներով՝ հիշեցնելով՝ սա Մարշալ Բաղրամյանն է, այլ ոչ Մայդանը, հարգելինե՛րս: Կարծես հաջողվել էր Բաղրամյանից «տեղահանել» դրա կիրառելիությունը, որն էլ բերել էր միջազգային հանրության պասիվության՝ շարունակվող իրադարձություններին:

Սակայն այս հարաբերական անդորրը կոտրելու նկատառումներ ուներ Եվրոպական միության դրոշների ծածանումը Բաղրամյանում՝ նպատակ հետապնդելով վերականգնել ինտրիգը: Իսկ հայ երտասարդը կամ Բաղրամյան պողոտայի «սեփականատերը» նորից ապացուցեց, որ զգոն է, տիրապետում է իրավիճակին և թույլ չի տալիս արհեստածին ինտրինգների ստեղծումը:

Ամփոփելով, պետք է նշել, որ իսկապես, Բաղրամյանում պետք չէ փնտրել ինչ-որ «մայդանյան ինքնորոշումներ», որը ստեղծված իրավիճակում կարող է առիթ հանդիսանալ մայդանների արթնացման միջազգային հանրության համար և ոչ հայկական իրողության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել