Ինչպես «օդից» փող աշխատել։ Պարզվում է, որ զբոսաշրջության ոլորտում առկա են դրա վառ օրինակներ, երբ առանձին հռչակավոր տուրիստական տեսարժան վայրեր հանդիսանում են այդպիսին զուտ գեղեցիկ լեգենդների ու զբոսաշրջիկների դյուրահավատության շնորհիվ։ Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք զբոսաշրջիկների կողմից մեծ պոպուլյարություն վայելող 6 տեսարժան վայրերի մասին, որոնց հաջողության գաղտնիքը «ֆեյք» լեգենդներն են՝ ստեղծված զուտ զբոսաշրջիկներ ներգրավելու համար։

1. Կոլումբոսի 6 հայրենիքները

Ջենովայում ձեզ անպայման ցույց կտան այն տունը, որտեղ ապրել է Քրիստոփոր Կոլումբոսը մանուկ հասակում։ Այս տունը, սակայն, կառուցվել է 17-18-րդ դարերում, մինչդեռ Կոլումբոսը ծնվել է 1451 թվականին։ Սա դեռ ամենը չէ։ Պատմության ամենահռչակավոր ծովագնացներից ու ճանապարհորդներից մեկի հայրենիքի դերին հավակնում են Իսպանիայի ու Իտալիայի միանգամից 6 քաղաքներ, բայց չկա ոչ մի հիմնավորված ապացույց, որ նա ծնվել է հենց Ջենովայում։ Նույն հաջողությամբ կարող եք այցելել «Կոլումբոսենց տուն» իսպանական Լաս-Պալմաս-դե-Գրան-Կանարիայում, որտեղ գտնվում է հայտնի ծովագնացներին նվիրված թանգարանը: Այս քաղաքի պարագայում գոնե հայտնի է, որ Կոլումբոսն առնվազն եղել է այնտեղ այցով, բայց մեկ անգամ՝ 1492 թվականին, ընդ որում՝ ստիպված, քանի որ սպասում էր, մինչև կնորոգեն իր նավը…

2. Քրիստոսի 5 գերեզմանները 

Ճապոնիայում գտնվում է մի տեսարժան վայր, որը խիստ տարօրինակ կարող է թվալ քրիստոնյաների համար՝ Քրիստոսի գերեզմանը։ Այն գտնվում է երկրի հյուսիսում տեղակայված Սինգո գյուղում։ Գերեզմանի վրա երկու խաչեր են առկա, որոնցից մեկը խորհրդանշում է հենց Քրիստոսին, իսկ մյուսը՝ նրա Իսուկիրի եղբորը։
Ճապոնացի քրիստոնյաները հավատում են, որ Քրիստոսի փոխարեն Երուսաղեմում մահն ընդունել է նրա անձնազոհ եղբայրը, իսկ ինքը՝ Աստծո որդին, իր մանկության տարիներն անց է կացրել Տոկիոյում, իսկ այնուհետև վերադարձել է Մերձավոր Արևելք, որտեղ եղբոր խաչելությունից հետո կրկին վերադարձել է Ճապոնիա՝ մինչ այդ լինելով Սիբիրում ու Ալյասկայում և ի վերջո կնքել է իր մահկանացուն Սինգո գյուղում 106 տարեկան հասակում։
Բացի Սինգոյից, աշխարհում ևս առնվազն 4 վայրեր կան, որոնք իբրև Քրիստոսի գերեզմանն են։ Դրանցից երեքը գտնվում են Երուսաղեմում, իսկ մեկը՝ հնդկական Քաշմիր նահանգում։
3. 20-րդ դարի նորակառույցը՝ Սթոունհենջ
Գիդերն ու էքսկուրսավարները սիրում են մատուցել բրիտանական Սթոունհենջը որպես հինավուրց քարե կառույց, որն ամենահայտնի ու առեղծվածային հնէաբանական հուշարձաններից մեկն է աշխարհում։ Գիտնականները պարբերաբար զեկույցներ են հրապարակում դրա մասին, իսկ դրա ստեղծման վերաբերյալ բազմաթիվ վարկածներ են լույս տեսել։ Սթոունհենջը հասցրել են ներկայացնել է՛լ որպես կելտական դրուիդների սրբատեղի, է՛լ որպես աստղադիտարան, է՛լ որպես գերեզմանատուն, է՛լ որպես սրբավայր… Սակայն ոչ մի զբոսաշրջիկական ձեռնարկում չեք գտնի 20-րդ դարում իրականացված մասշտաբային վերակառուցման պրոցեսի լուսանկար…
Իրականում 1958 թվականին այն հիմնովին ապամոնտաժվել ու վերակառուցվել էր ժամանակակից շինանյութերի ու շինարարական տեխնոլոգիաների կիրառությամբ։ Ընդ որում, նմանօրինակ վերակառուցման փորձ արվել էր նաև 1901 թվականին։ Այնպես որ, հին դրուիդների ստեղծած սրբատեղի Սթոունհենջը կարելի է համարել միայն մեծ վերապահումով, իսկ գործնականում այն պարզապես լավ իրականացված ռեկոնստրուկցիա է, որը լավ գովազդված միջոց է՝ զբոսաշրջիկներ գրավելու համար։

4. Ցրտի երկու բևեռները

Յակուտական Օյմյակոն գյուղը մատուցում են որպես ցրտի բևեռ, այսինքն՝ մոլորակի ամենացուրտ կետը։ Սա դեպի այս գյուղ է գրավում էքստրեմալ տուրիզմի հազարավոր սիրահարների։ Յակուտական զբոսաշրջիկական ընկերությունները վաճառում են փաթեթ, որը կոչվում է «Արշավ դեպի ցրտի բևեռ», որը ներառում է շփում տեղաբնակների հետ, ծանոթացում նրանց կենցաղին, մշակույթին ու ծեսերին, Հյուսիսի բնության հետ առերեսում, ինչպես նաև այլ թեմատիկ միջոցառումներ, ինչպիսիք են «Օյմյակոնը՝ ցրտի բևեռ» միջոցառումն ու յակուտների Իսիախ տոնակատարությունը։

Սակայն իրականում «Ցրտի բևեռ» կոչմանն առ այսօր հավակնում է Վերխոյանսք բնակավայրը, քանի որ գրանցված նվազագույն ջերմաստիճանն այնտեղ 0.1 աստիճան Ցելսիուսով ավելի ցածր է եղել, քան Օյմյակոնում ու կազմել է -67.8 աստիճան (1885 թվականին)։ Արդյունքում «Ցրտի բևեռ» մակագրությամբ ցուցատախտակներ առկա են երկու բնակավայրերում էլ։

5. Լոխ Նեսս. օդից փող

Կարո՞ղ էր արդյոք շոտլանդական բազմաթիվ լճերից մեկը հավակնել համաշխարհային հռչակին, եթե չլինեին դրանում բնակվող խորհրդավոր հրեշի մասին բազմաթիվ լեգենդները։ Հենց այդ հրեշին տեսնելու համար ամեն տարի Լոխ Նեսս են այցելում հազարավոր զբոսաշրջիկներ էքսկուրսավարների հետ և առանց էքսկուրսավարների։ Արդյունքում գոյություն չունեցող հրեշի բրենդի ներքո մի ամբողջ զբոսաշրջային տնտեսական սուբհամակարգ է ձևավորվել՝ հյուրանոցներով, ռեստորաններով, նավերով ու տուր-ֆիրմաներով, որոնք կրում են հրեշի անունը։ Իսկ որքա՜ն հուշանվերներ են վաճառվում՝ շնորհիվ գոյություն չունեցող Նեսսիի… Հաշվելն անհնար է։ Սակայն Լոխ Նեսս այցելող զբոսաշրջիկներն իրենց հաճախ խաբված են զգում ու հիասթափվում են, քանի որ ակնկալում են հեքիաթային ու անսովոր ինչ-որ բան տեսնել, իսկ գործնականում տեսնում են սովորական լիճ, բավականին ձանձրալի տեղանք ու ոչ մի բան, որ կհուշեր հրեշի գոյության մասին։

6. Ռոմեոյի ու Ջուլիետայի քաղաքը

Հավանաբար Շեքսպիրը պատկերացնել անգամ չէր կարող, որ ապահովելու է իտալական մի սովորական քաղաքի՝ Վերոնայի հավերժական բարեկեցությունն ու հարուստ կյանքը, երբ գրում էր իր հռչակավոր «Ռոմեո և Ջուլիետան»։ Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ հաճույքով ուսումնասիրում են Ռոմեոյի ու Ջուլիետայի տները, որտեղ նրանց ցույց են տալիս «հենց այն» պատշգամբը, որի վրա տեղի է ունեցել վճռական սիրային դրվագը՝ նկարագրված հայտնի պիեսում։

Այցելության ծրագրի պարտադիր կետերից է սիրահար զույգի դամբարանի այցելությունը, դեպի որը ձգվող երկրպագուների հոսքը չի դադարում արդեն մի քանի դար շարունակ։ Ու ոչ ոքի՝ ո՛չ զբոսաշրջիկներին, ո՛չ տեղաբնակներին, ո՛չ էլ էքսկուրսավարներին կարծես առանձնապես չի էլ հուզում այն պարզ իրողությունը, որ Ռոմեոն ու Ջուլիետան մտացածին պերսոնաժներ են, հետևաբար մտացածին են նաև նրանց տներն ու դամբարանները, պատշգամբներն ու այլ վայրերը, որոնք ցուցադրվում են էքսկուրսավարների կողմից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել