Մի քիչ սառկազմով, բայց, հուսով եմ, օբյեկտիվ.....

Բոլորին հայտնի է այն արտահայտությունը, թե «մարդիկ/ընկերները ճանաչելի են դառնում դժվարության պահին»: Անկասկած, դա ճշմարիտ դիտարկում է: Մերօրյա հանրային կյանքում ես մի ուրիշ տարբերակ կառաջարկեի. «մարդիկ ճանաչելի են դառնում պետական պաշտոնյայի կամ իրենց վերադասի որևէ միջոցառմանը՝ (հարսանիք, կնունք, ծնունդ և այլն)»: 
Դա մի բացառիկ ու աննկարագրելի իրավիճակ է, բացահայտումների երեկո: Ի դեպ, որքան պաշտոնյան ավելի «մեծ» տրամաչափի է, այնքան նրա «որակներն» առավել տեսանելի են, ցցուն ու ֆունդամենտալ: Այդ երեկոն ձեզ համար մի նոր «ճանաչողության», «մեծության» և «իմացության» նոր հիմքերի, բացահայտումների մթնոլորտում է անցնելու: Դուք, որ տարիներ, միգուցե ամիսներ շարունակ ապրել եք «ճանաչողական մառախուղի, թմբիրի» մեջ, այդ օրը «երջանկանալու» եք, քանզի ծանոթանալու եք միջոցառման գլխավոր մեղավորի «բացառիկությանը»:

Ավելին՝ դուք զարմանքից կարող եք ուշագնաց լինել, երբ, ասենք, չինովնիկական դասի որոշ ներկայացուցիչներ հերթ են կանգնելու օրիգինալ և հայկազյան ոսկեղենիկ հայերենով համեմված, մտքի բոլոր այն «կարևոր» ելևէջումներն արտաբերելու գործընթացում, որ կոչվում են կենացներ: Միջոցառման օդում դուք զգալու եք «մեսիականության» ոգին:

Մարդիկ, ովքեր անգամ այդ պայմաններում առկախված են միմյանցից սուբօրդինացիոն կապերով, ի ցույց են դնում իրենց որակական նկարագիրը դրա մանրազնին դրսևորումներով: Նրանց թվում է, թե վերադասը դա կգնահատի: Որոշներն իրապես չեն սխալվում: Մարդկանց մի մասին իրոք դուր է գալիս, երբ իրենց այդօրինակ հրապարակայնորեն քծնում են: Մյուսներին՝ միանշանակ ոչ:

Այդօրինակ միջոցառումները յուրահատուկ լակմուսի թուղթ են, որն ի ցույց է դնում՝ ով ով է: Թե՛ լավ, թե՛ վատ իմաստով, թե՛ վերադասի, թե՛ մյուսների համար: Այսօր, ինչպես մասնավոր սեկտորում, այնպես էլ պետական, տեղական ու այլ մարմիններում հաճախ ենք հանդիպում այդօրինակ մարդկանց, ովքեր վերադասի առջև սողալու պատրաստ վիճակից ստորադասի նկատմամբ իրենց պահում են «բարձր բարոյական նկարագրով ու արժանապատվությամբ»:

Անկասկած, ամեն մեկն ինքն է որոշում իր անձնային դիրքավորումը մերձավոր և ոչ այդքան մոտ շրջապատում: Որոշներին թվում է, թե քծնանքն այն բանալին է, որ մարդուն տանում է սոցալական աստիճանով դեպի վեր: Երբեմն մեր նման հասարակություններում նրանք չեն սխալվում: Սակայն մի աքսիոմ էլ կա. վերադասները գիտեն, որ քծնողները հարմար առիթի են սպասում՝ զբաղեցնելու իրենց տեղը: Սա երևի բնությունից եկած սոցիալական օրինաչափություն է:

Զգուշանանք քծնողներից, քանի որ մենք ինքներս շատ լավ գիտենք մեր իրական գինն ու արժեքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել