Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված ակցիաների ժամանակ մտահոգիչ միջադեպ է տեղի ունեցել հունիսի 23-ին, ինչի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կլինի կոնկրետ որոշման տեսքով։

«Մեր որոշումը առաջիկայում կհրապարակենք»,-ասաց նա։

Հարցին, թե ինչպես է վերաբերում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի վարքագծին, ով անընդհատ սպառնում էր, թե ոստիկանությունը «մաքրելու է» տարածքը, Կարեն Անդրեասյանը նշեց, որ ինքը անհատական գնահատականներ չի հնչեցնում։

«Իրավաչափության տեսանկյունից մեզ մտահոգել է բացառապես հունիսի 23-ի դեպքը և կմտահոգեն այն դեպքերը, եթե ոստիկանությունը չգործի պատշաճ՝ սադրիչների դեպքում: Մնացած բոլոր դեպքերը զուտ մարդկային գնահատականների դաշտում են»,–ասաց նա։

Պնդմանը, եթե որոշում կայցնող մարդը անընդհատ հարձակվում է քաղաքացիների վրա ասելով, թե ինքը Վովա Գասպարյանն է, դա մտահոգի՞չ չէ, մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ ինքը դիմում չի ստացել, որ ոստիկանապետի կողմից հարձակում է տեղի ունեցել։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ չնայած սպառնալիքներին, ոստիկանությունը դեռևս գործողությունների չի դիմում, օմբուդսմենը շեշտեց, թե իրենք ուրախ են, որ ոստիկանությունը հանդուրժողականություն է ցուցաբերում։

«Երեկ ամբողջ գիշեր իմ տեղակալը և մեր ներկայացուցիչը եղել են Բաղրամյան պողոտայում, այցեր են կատարվում, դիտարկումներ են կատարվում, և այսօր բողոքները հիմնականում այն մասին են, որ կան սադրիչներ»,- ասաց Անդրեասյանը և նկատեց, որ ոստիկանությունը պետք է հետևողական և զգույշ լինի հենց այդ սադրիչների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել