Այսպիսի մի բան անցավ մտքովս, երբ փորձեցի ավելի մոտիկից հասկանալ Ինտեր ՌԱՕ-ի կառուցվածքն ու պատկանելիությունը. իսկ ի՞նչ, եթե այս ամենը, ինչ տեսնում ենք, շատ գրագետ կազմակերպված մանիպուլյացիա է շատ մեծ ու լուրջ խաղի համատեքստում։
Իմ մեջ կասկածներ առաջացան, երբ տեսա, թե ինչ հեշտությամբ Ռուսաստանը տեղի տվեց, ու ինչ գեղեցիկ պասերով են հիմա Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունները խաղում։ Կասկածներս ավելի հիմնովին դարձան, երբ ուսումնասիրեցի Ինտեր ՌԱՕ-ի սեփականատերերի ցանկն ու կառավարման համակարգը։
Ուրեմն, ժողովուրդ ջան, Ինտեր ՌԱՕ-ն մեծ վերապահումով կարելի է անվանել ռուսական ընկերություն։ Այո, այն Ռուսաստանում գրանցված իրավաբանական անձ է ու ժամանակին հիմնվել է ՌԱՕ ԵԷՍ-ի կողմից որպես դուստր ձեռնարկություն, բայց դրա մասնաբաժինների սեփականատերերը խի՜ստ խայտաբղետ են, ու հենց ռուսական ներկայացվածությունը խիստ սիմվոլիկ է այնտեղ։ Հիմնական շահառուները տարբեր միջազգային կորպորացիաներ ու օֆշորային ընկերություններ են, որոնց անունները ոչինչ չեն ասում։ Այլ կերպ ասած՝ Ինտեր ՌԱՕ-ն այդքան էլ ռուսական չէ, հետևաբար դրա շահերն ու խնդիրներն էլ այդքան էլ ռուսական չեն, ինչը չես կարող ասել դրանց գործունեության արդյունքում ստեղծված խնդիրների մասին, որոնք միանգամայն ռուսական են դառնում։
Չի բացառվում, որ այս ամենն այնքան պարզունակ չէ, որքան մեզ է թվում, ու հիմա՝ գլոբալ տնտեսական պատերազմի ֆոնին, որը ռուսական կողմը մղում էր Արևմուտքի դեմ, ուղղակի հերթական հակահարձակումն է, որը Ռուսաստանն իրականացնում է մեր օգնությամբ։ Բանն այն է, որ Ռուսաստանի մեծագույն թուլություններից մեկն այժմ կայանում է նրանում, որ տարբեր վերազգային կորպորացիաներ այս կամ այն կերպով ներգրավված են ռուսական բիզնես միջավայրում ու հաճախ ուղղակիորեն ազդում են ինչպես տնտեսական, այնպես էլ աշխարհաքաղաքական մթնոլորտի վրա, ու ենթադրում եմ, որ Ռուսաստանը հիմա քաղաքակիրթ մեթոդներով ուզում է աստիճանաբար թուլացնել ու դուրս մղել իր մարմնից օտարերկրյա այդ տրոյական ձիերին, ու Ինտեր ՌԱՕ-ն այս ամենի առաջին ծիծեռնակն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել