Բաղրամյան պողոտայի սկզբնամասում շարունակվող «նստացույցի» հետ տեղի է ունենում այն, ինչը միանգամայն կանխատեսելի էր: 
Ցերեկվա տապին մայթերին, ստվերոտ կամ համեմատաբար զով հատվածներում կարելի է տեսնել քաղաքացիների փոքրաթիվ խմբեր: Իսկ երեկոյան, երբ մասնակիցների քանակությունն ավելանում է, մարդիկ ավելի շատ ճեմում են, քան թե կոնկրետ նստացույց անում: 
Ամեն դեպքում, բողոքի ակցիան անվանապես շարունակվում է: Իսկ բովանդակային առումով այն ուղղակի մարում է, հալվում, ինչպես էսկիմոն ամռան տապին: 
Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիայի հետ կապված միակ որոշակի բանն անորոշությունն է: Ճիշտ է, մի նոր նախաձեռնող խումբ է ձևավորվել, անգամ «Ժառանգության» Դավիթ Սանասարյանն է ներգրավվել այդ գործընթացում, բայց, միևնույն է, «ակցիան» մարում է: Առաջադրված ու անփոփոխ պահանջները մնում են՝ չեղյալ հայտարարել հոսանքի թանկացման ՀԾԿՀ որոշումը, գործող սակագինը վերանայել (նվազեցնել) և պատժել հունիսի 23-ին բռնություն գործադրած ոստիկաններին: Բայց շարժ չկա:
Մինչդեռ նման հանգած վիճակի փոխարեն կարելի էր և շատ ավելի կառուցողական ու ակտիվ իրավիճակ ունենալ, եթե իշխանությունների նախանշած կոնկրետ քայլերին նման անհասկանալի մերժողական վերաբերմունք չդրսևորվեր: 
Եվ, այնուամենայնիվ, հատկապես հունիսի 23-27-ի միջակայքում դրսևորված ընդհանուր բողոքը, հասարակության գրեթե բոլոր խավերի ակտիվությունը տվեցին իրենց արդյունքը: Կարծում ենք, արժե թեկուզ հպանցիկ հետադարձ հայացք նետել տեղի ունեցածին՝ փորձելով հասկանալ, թե ինչ կատարվեց: 
Ի վերջո, սա սոցիալական ընդվզում է, որն իր բարձրակետին հասավ անցյալ շաբաթվա ընթացքում, հատկապես այն բանից հետո, երբ հունիսի 23-ի առավոտյան ոստիկանությունը «ցրեց» Բաղրամյան պողոտայում նստացույց սկսած երիտասարդ ակտիվիստներին: 
Մեր հասարակության մեջ ընդհանուր առմամբ և քաղաքացիների մեջ՝ առանձին վերցրած, բավական երկար ժամանակ ու անհամեմատ շատ դժգոհություններ են կուտակվել՝ ամենատարբեր խնդիրների հետ կապված: «Կարմիր գծեր», «արագաչափեր», հատկապես տուգանքի չափերը, գնաճ, դրամի արժեզրկում, գործազրկություն, տնտեսական մրցակցությունը սաղմում ոչնչացնող օլիգարխիա, աշխատանք ունեցողների անխնա շահագործում ու ցածր վարձատրություն և այլն, և այսպես շարունակ՝ չհաշված զանազան պաշտոնյաների ու նրանց ազգուտակի արհամարհական վարքն ու անպատժելիությունը: 
Այնպես չէ, որ առանձին մեկ-երկու խնդրի հետ կապված քայլեր չեն արվել (ասենք, տուգանքների չափերի որոշ վերանայումը), բայց լայն ընդգրկմամբ դժգոհություններն առավելապես կուտակվել են: 
Նման իրավիճակում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հեռանկարը, ապա և որոշումն այն կայծը կամ վերջին կաթիլը եղան, որ բռնկում հարուցեցին կամ լցրեցին մարդկանց համբերության բաժակը: Առավել ևս, երբ բոլորը հասկանում են՝ հոսանքի թանկացումը բերելու է համատարած ամեն ինչի թանկացման՝ շղթայական ռեակցիայով: 
Եվ տներում, բակերում, ամենուր խմորվող դժգոհությունն ի վերջո ավելի համախմբված դրսևորվեց: Քավ լիցի, հայտնվեցին երիտասարդ ակտիվիստներ, որոնք մի քանի տասնյակով հարցը մտցրին «օրակարգ»: Այդքանը բավական էր: 
Հասարակության ակտիվ հատվածն արդեն պատրաստ էր կանգնել նրանց կողքին, քանզի բոլորին հուզող, այսպես ասենք՝ շատ-շատերի մտահոգություններից բխող հարց էր դրված: Մանավանդ որ վերջին մի քանի տարում սա արդեն հոսանքի թանկացման երրորդ փորձն էր, առավել ևս, երբ ի հայտ եկան ՀԷՑ-ի ղեկավարության ցոփ ու շվայտ կյանքուկենցաղին վերաբերող մանրամասներ: 
Միանգամայն բնական է, որ հախուռն բողոքի ակցիաներ տեղի ունեցան հանրապետության ամենատարբեր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Աշտարակում, Սիսիանում և նույնիսկ Կապանում: Ասում են՝ անգամ Արագածոտնի մարզում միջպետական ճանապարհը փակելու փորձ է եղել: 
Կարելի է, իհարկե, ասել, որ դրանք լավ կազմակերպված, համաձայնեցված գործողություններ էին: Կազմակերպական տարր այս ամենի մեջ, անշուշտ, կա: Բայց շատ ավելի տեղին է ասել, որ Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների օրինակից ոգևորված՝ մարդիկ ուղղակի դուրս եկան փողոց՝ իրենց բողոքն ու դժգոհությունը արտահայտելու: Ի դեպ, հատկանշական է, որ երկրի մյուս քաղաքներում բողոքի ակցիաներն արդեն ինքնաբերաբար դադարեցվել են, ինչը ևս վկայում է, որ այս փուլում մարդկանց մեծ մասն առնվազն սպասում է, թե իշխանության նախանշակ քայլերն ինչ արդյունք կտան: 
Բողոքի ձայնը, կարելի է ասել, արագ տեղ հասավ: Իշխանությունները համարժեք գնահատեցին ստեղծված կացությունը և որոշակի ընդառաջ քայլեր կատարեցին, նախագահ Սերժ Սարգսյանը նախանշեց իրավիճակի կարգավորմանը նպատակաուղղված քայլեր: 
Ուզում ենք հավատալ, որ իշխանություններն ընկալեցին վերջին օրերի այդ իրադարձությունների հիմնական «մեսիջները»: Դրանցից մեկն այն է, որ հասարակությունը, նույնիսկ քաղաքական ուժերի իներտ ու անհաղորդ լինելու պայմաններում, պատրաստ է համախմբվել ու պայքարել իր շահերի, իրավունքների համար, դնել կոնկրետ սոցիալական պահանջ ու հասնել դրա կատարմանը: Ավելին՝ քաղաքական ուժերի հանգած լինելու պայմաններում հենց ակտիվ հասարակությունն ստանձնեց իշխանությանը հակակշիռ լինելու դերը: Եվ անհամեմատ արդյունավետ ստանձնեց: 
Մյուս շեշտադրումն էլ թերևս այն է, որ շուրջ 30 տոկոս աղքատության պայմաններում ուղղակի աններելի են ամենատարբեր պաշտոնյաների կողմից թույլ տրվող ճոխությունները: Ամեն մի նոր ապարանք, ամեն մի պաշտոնյայի կամ նրա զավակի հերթական լկտի արարք ավելի ու ավելի է բորբոքում հասարակության զայրույթը և մղում դեպի կրիտիկական կետը, երբ խմորվող դժգոհությունը վերածվում է սոցիալական ընդվզման:
Այստեղ կարևորն այն է, որ իշխանությունները ճիշտ հետևություններ կարողանան անել՝ այսուհետ շատ ավելի համակողմանի, կշռադատված որոշումներ ընդունելու, ինչպես նաև անարդարություն թույլ տված որևէ պաշտոնյայի կամ նրա մերձավորի նկատմամբ խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք դրսևորելու առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել