Երբ բռնություն կիրառվեց, հաջորդ օրվա երթի մասնակիցները շատ մեծ զայրույթով էին միացել, որոնց խաղաղվելը և ինքնակազմակերպվելը ոչ այդքան հեշտ գործ էր։ Ոստիկանները նույնպես լարված էին։ Ամենայն հավանականությամբ բախում էր լինելու։ Սակայն սթափությունն ու միջոցառման նպատակներին հասնելու սկզբունքայնությունը ետ պահեց խաղաղ ցուցարարներին։ Այդ ժամանակ մեզ՝ խաղաղ ցուցարարներիս, կենդանի պատնեշում կանգնած որոշ մարդիկ, ովքեր եկան գիշերը մոտ 01։00-ին, սկսեցին համոզել ու հորդորել, որպեսզի հաղթանակած վերադառնանք Ազատության հրապարակ՝ ՕպեՌա։ Տեղում մնացինք բոլորս։ Այդ շատ դյուրագրգիռ վիճակը քիչ-քիչ հանդարտվեց, որի հիմնական նպաստող գործոնը մարդկանց հաղորդակից դառնալն էր բոլոր հիմնական կարծիքների ներկայացումը։ Մենք մնացինք հաստատուն՝ պահելու բոլորիս կողմից ստեղծած բարիկադները՝ բոլորիս որոշումը, բոլորիս պահանջները։ 
Մեր շատ հարգարժան կենդանի պատնեշը եկել էր, որպեսզի բախումներ չառաջանան ՀՀ ոստիկանության և խաղաղ ցուցարարների միջև։ Նրանք հավանաբար չէին եկել նախաձեռնություն Ա-ի կամ Բ-ի կամ Ծ-ի համար, այլ եկել էին՝ հավանաբար մարդասիրությունից դրդված, որպեսզի ոչ ոքս չվնասվենք, ինչի համար բոլորս անչափ շնորհակալ էինք բոլորին։
Իսկ հիմա նրանք չկան, կան մի քանիսը, որոնք մեր պես անսասան են։ Մենք այստեղ հավաքվածներս ենք, արդեն շատերդ արտահայտել եք մեր մասին ձեր վերաբերմունքը, և մեզ մոտ հարցեր են առաջացել։ Այստեղ հավաքվածները մարդ չե՞ն, թե՞ այլևս վերացել է մարդասիրությունը։ Այդ ի՞նչ տարբերություն եք դնում մարդկանց և մարդկանց խմբերի միջև։ Ինչո՞ւ եք հենց դուք մարդկանց միջև տարանջատում մտցնում, որ այն ժամանակվա մարդկանց համար գալիս էիք, իսկ այժմ՝ ոչ։ Մի՞թե դրանով լուծում եք մեր՝ Բաղրամյան պողոտայում մնացած մարդկանց անվտանգության հարցը, թե՞ այլևս վստահում եք ոստիկաններին, որոնք դեռ չեն պատժվել բռնություն կիրառելու համար։ Ինչո՞ւ չեք կանգնած մնացող ՀՀ քաղաքացիների կողքին։
Ես ուրախ եմ «Բաղրամյան-ՕպեՌա» բաժանման գործընթացի մասին, որովհետև շատերի իրական նպատակներն ու մտածելակերպն ի հայտ եկան։ Եվ եթե շատերը կարծում են, որ Բաղրամյան պողոտայում մնացող ցուցարարները հոգնելու, կռվելու, հիասթափվելու և վերադառնալու են իրենց տները, ապա չարաչար սխալվում են, քանի որ այստեղ են մնացել հաստատուն մարդիկ, ովքեր գեղեցիկ քայլերի կոմբինացիայով վերադարձնելու են ժողովրդի հավատը։
Մեզ միայն պետք է ճեղքել ներկայիս սուտ, կեղծ, անշնորք ինֆորմացիոն պատը և փարվել հաղթանակին։ 
Հաղթանակը մենք ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել