Ի՞նչ տարբերություն, օրինակ, նախագահ և «նախագահ» բառերի մեջ, կամ, ասենք, «օկուպացված տարածքներ» և օկուպացված տարածքներ բառերի մեջ: Եթե դուք ոչ թե կարդում եք այս բառերը, այլ լսում, և եթե ձեզ չեն ասում, որ այստեղ չակերտներ կան, ապա` ոչ մի: Իսկ երբ տեսնում եք կամ իմանում եք չակերտների մասին և եթե գիտեք դրանց գործածման կանոնները և հիմքերը, ապա, կարծում եմ, տարբերություն կզգաք: Ամեն դեպքում ՀՀԿ-ից ցանկացածի, այդ թվում Տատիի համար Սերժ Սարգսյանը նախագահ է. նա այդպիսինն է նաև շախմատի հայաստանյան ֆեդերացիայի աշխատակիցների համար` անկախ վերջիններիս կուսակցական պատկանելիությունից և ապակուսակցական լինելուց: Իսկ, օրինակ, ՀԱԿ-ից ցանկացածի համար Սերժ Սարգսյանը «նախագահ» է, և սա՝ դեռ մեղմ ասած: Կամ մեզ համար Ղարաբաղը, եթե թարգմանում ենք ադրբեջանցիներին, «օկուպացված տարածք» է, իսկ նրանց համար օկուպացված տարածք է:

Հետևաբար, երբ ասում են սեքս և «սեքս», դրանք տարբեր բաներ են, եթե կարելի է` գաղափարապես, ըստ էության: Ի դեպ` սեքսի մասին: Կայքերից մեկը, որպեսզի ինձ մեղադրանքներով առատ այս հասարակության և մթնոլորտի մեջ չմեղադրեն վախկոտության մեջ, ասեմ` 1.am-ը, հրապարակել էր մի տեսանյութ, որը վերնագրել էր` ««Սեքս»՝ Բաղրամյան պողոտայում»: Արդեն գիտենք, հուսով եմ, որ այս վերնագիրը տարբերվում է` «Սեքս` Բաղրամյան պողոտայում» վերնագրից, անգամ գիտենք, թե ինչպես և ինչու: Տեսագրության մեջ Բաղրամյան պողոտայում հավաքված, ավելի ճիշտ` պառկած (ինչի իրավունքն ունեն) ցուցարարներից օպերատորը կենտրոնանում է մի զույգի, ավելի ճիշտ` եռյակի վրա: Դիտողի համար. ձախից` գլխավոր հերոս` տղան, մեջտեղում` գլխավոր հերոս` աղջիկը, աջից` այս պատմության հետ ոչ մի, գրեթե ոչ մի կապ չունեցող տղան: Աստիճանաբար գլխավոր հերոս տղան (ձախինը) գրկում, համբուրում է գլխավոր հերոս աղջկան, ով, հիշեցնենք, մեջտեղինն է, ապա ծածկոցով (որով երեքն էլ ծածկված են` գետնին պառկած) փակում է իրենց գլուխները, և թե ինչ է տեղի ունենում ծածկոցի ներսում, մեզ մնում է միայն երևակայել` հիմք ընդունելով (եթե երևակայության համար հիմքեր են պետք) միայն ծածկոցի շարժման կերպը:

Հիմա արդյոք սա սե՞քս է, գոնե իմ կարծիքով` ոչ, քանի որ սա «սեքս» է, ինչպես և ներկայացվում է մեզ, ի դեպ: Արդյոք իրավունք ունե՞ն մարդիկ զբաղվել սեքսով, առավել ևս` «սեքսով», իհարկե ունեն, և լավ է, որ ունեն, կարելի է ասել, անգամ պարտավորություն ունեն: Իսկ կոնկրետ Բաղրամյանում ունե՞ն... Դժվար է ասել, Բաղրամյանի վրայի շենքերում` անխտիր բոլորում, անշուշտ ունեն, հենց փողոցի վրա` երևակայության, համարձակության, սանձարձակության, դաստիարակության հարց է: Բայց սա` սեքսի պարագայում:

«Սեքս» կարելի է ամենուր անել, և որպես այդպիսինը շատ բան կարելի է ընկալել, օրինակ երբ գյուղում մարդ և կին, հովին իրենց տան ծիրանենիների շվաքում նստած, վարունգ-պոմիդոր են ուտում, վերջում էլ կինը գլուխը դնում է մարդու ուսին (ձախ) բա «սեքս» չի՞, բա ի՞նչ է...

Այնպես, որ հանգիստ եղեք, մեկ է` համբույրից ավել ամեն ինչ արդեն սեքս է, չէ, վայ` «սեքս»:

Հա, մեկ էլ, այս նկարը Բաղրամյանի հետ ունի ճիշտ այնքան կապ, որքան սեքսը` «սեքս»-ի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել