Հետաքրքիր է՝ քաղաքական գործիչները, կուսակցական կարկառուն դեմքերը, մշտապես Ռոդենի «Մտածողը» քանդակի կերպարի մեջ մտածները վա՞տ են զգում, որ իրենցից զզվում են, հիասթափված են, որ իրենց արհամարհում են, նույնիսկ ատում… Որ իրենցից խուսափում են ինչպես բորոտներից, ՁԻԱՀ-ով, ժանտախտով վարակվածներից…
Բաղրամյանի շարժումն ապացուցեց դա` լավն էր, ինչ-որ թարմություն բերեց, լավ հույսեր, լավ ակնկալիքներ… Սակայն…
Սակայն այն ցավոք ապագա չունի, հեռանկար չունի, այն դառնալու է մի ամորֆ մարմին կամ ինչ-որ քաղաքական ուժի մուտացիա…
Գիտեմ՝ հիմա թռնելու եք դեմքիս, հիշեցնեք անհիշելին, սկսեք «խոհեմության» դասեր տալ, չհամաձայնվել, ընդվզել, վիրավորական մեկնաբանություններ գրել, բայց ճշմարտությունը չասել չեմ կարող…
Ի՞նչ է լինելու… Ի՞նչ է սպասվում…
Կամ այդ շարժումը «փչանալու է», «ժանգոտելու է», սկսի մարել՝ կառչելով իր իդեա ֆիքսին, առանց իրատեսական գնահատականների, առանց ճկունության դրսևորման, դառնա վարկաբեկվածների, երիցս ձախողվածների խաղալիք կամ նրանց ոստիկանական ուժերը «մաքրելու են» Բաղրամյան պողոտայից…
Շարժումն ինչ-որ պահ կորցրեց իրեն, երիտասարդներն ինչ-որ տեղ մեծամտացան, ինչ-որ տեղ սկսեցին զգալ իրենց «գերկարևորությունն» ազգի, պետության, հայ ժողովրդի ապագայի հանդեպ… Մինչդեռ պետք էր արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, առանց մտածելու, թե ինչ գնահատականներ կտան ձախողյալներն ու հաշվենկատները…
Հենց այդտեղ էլ սխալվեցին, հենց այդտեղից էլ սկսեց փչանալ շարժումն ու ձախողյալների կողմից քաղաքականացվեց… Հայավարի, հայեցի, հային բնորոշ…
Հիշո՞ւմ եք ֆուտբոլի խաղերը, ոգևորված վանկարկումները, գոռոցները, մեր թիմի առաջին րոպեների ոգևորվածությունը և… Եվ հետագա պահելաձևը, հիասթափությունը, անկազմակերպվածությունը, հուսահատությունը… Ցավում եմ, բայց ինձ մոտ տպավորություն է, որ մենք Սարոյանների, Ազնավուրների, Շիրազների, Սևակների, Համբարձումյանների, Խաչատրյանների, զորավար մարշալների, մյուս տաղանդավոր անհատների ազգն ենք, բայց ոչ երբեք միասնական, բայց ոչ երբեք համախմբված, բայց ոչ երբեք ազգովի… Պատահական չի, որ միշտ կոլեկտիվ մարզաձևերում մենք տանուլ ենք տալիս…
Մենք միմյանց քննադատելուց, հայհոյելուց, վարկաբեկելուց ահավոր հիվանդագին հաճույք ենք ստանում… Եվ միասնական ենք… Իսկ սովորաբար ոչ` պառակտված, մասնատված, անհասկանալի ու հաշվենկատ…
Տա Աստված, սխալվեմ, սակայն Բաղրամյանի կաթսայում արդեն այլազան «համեմունքները», գունավոր, մայդանացված էմիսարները շատ են, շատ-շատ… Ու ահավոր զզվելի հոտ եմ առնում այդ ամենից... Դա արդեն բաբելոնյան խառնարան է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել