Ի հեճուկս վատատեսների ու դավադրության տեսությունների սիրահարների՝ Հայաստանին Մայդան դեռ չի սպառնում, նույնիսկ հաշվի առնելով այն, որ հիմա Բաղրամյանի կոնտինգենտն առավելապես Մայդանի վկաներից է բաղկացած, ու բացահայտ քաղաքականացվել է շարժումը։ Չի սպառնում, որովհետև 50-100 հոգով Մայդան, այսինքն՝ հեղաշրջում չեն անում։ Չեն անում նույնիսկ 5000-10000 հոգով։ Այսինքն՝ ակնհայտ է, որ առկա լիցքը բացարձակապես բավարար չէ Երևանից Կիև դարձնելու համար։
Սա հասկանում են իշխանություններն ու ոչ մի կոշտ քայլերի չեն դիմում ցուցարարների հանդեպ, ու սխալվում են նրանք, ովքեր համարում են, որ իշխանությունները վախենում են, որ էդ մի քանի տասնյակ մարդուց Բաղրամյանը մաքրելը կբերի ընդվզման նոր ալիքի։ Չի բերի, քանի որ տհաճ ու անհասկանալի կերարները չափազանց շատ են այնտեղ, որպեսզի բողոքի լայն ալիք բարձրացնի։ Չեն շտապում անել դա, քանի որ ավելի շատ խուսափում են Արևմուտքի արձագանքից ու անհարկի խնդիրներից, չեն անում, որովհետև տեսնում են, որ ամեն անցած օրվանից հետո ավելի ու ավելի քիչ մարդ է մնում։
Սա հասկանում են նաև Բաղրամյանի ներկայիս առաջնորդները, ու հիմա իրենք հնարավորինս փորձում են շահ քաղել այս ամենից։ Ոմանք ուզում են գործողությունների իմիտացիա ստեղծել իրենց օտարերկրյա հովանավորների մոտ, ոմանք էլ պարզապես այնտեղ են, որովհետև իրենց փեշակն էլ դա է։ Մեկ էլ կա փոքրիկ զանգված մարգինալների ու ռոմանտիկների, ովքեր հավատում են, որ 50-100 հոգով հիմա ազգ են փրկում։
Մի խոսքով, կարծում եմ՝ այս անհասկանալի իրավիճակը դեռ մի քանի օր էլ կձգվի ու կմարի-կգնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել