Tert.am-ը գրում է.

Սիգի պաշարները Սևանա լճում շատացել են և հասել 300-350 տոննայի, ինչն առիթ է դարձել, որ նորից որսագողություն սկսվի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ձկնաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը։ Անցյալում սիգի պաշարները տասնյակ հազարավոր տոննա էին, հետևաբար դեռ չի կարելի որսալ այնպես, ինչպես այսօր։

«Ամբողջ աշխարհում որսի մեջ ընդունված է, որ չի կարելի որսալ դեռևս գոնե մեկ անգամ սերունդ չտված կենդանուն, իսկ մեզ մոտ որսում են անգամ փոքրիկ ձկներին, ինչը անթույլատրելի է, և պետությունը պարտավոր է խստորեն վերահսկել ձկնորսությունը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իշխանի մանրաձկան բացթողնմանը Սևանա լիճ, ապա ձկնաբանը նշեց, որ գործընթացը լավն է, բայց դարձյալ ոչ արդյունավետ և միաժամանակ՝ թանկ։

«Ամեն տարի դրա վրա հույս դնել չի կարելի, դա թանկ հաճույք է, և պետք է զուգահեռ հատկապես ձվադրման շրջանում վերահսկողություն իրականացվի որսի նկատմամբ։ Չի կարելի խոսել իշխանի պոպուլյացիայի վերականգման մասին այն դեպքում, երբ նրա ձվադրավայրերը նորմալ վիճակում չեն ու ձվադրում նորմալ չի կատարվում։ Մենք միայն կարողանում ենք Սևանում պահպանել իշխանի ձկան գենոֆոնդը»,-ասաց նա։

Մասնագետը նշեց, որ նաև որակապես տուժել է նաև Սևանի խեցգետինը, որի քանակապես չի պակասել, բայց մանրացել է։

«Ամենավատ վիճակում ամեն դեպքում մնում են Սևանի կողակն ու բեղլուն և նրանց վերականգման համար երկար տարիներ են անհրաժեշտ»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել