Tert.am-ը գրում է.

Նվազագույնը 50%-ով կարելի է կրճատել ՀԷՑ-ի ծախսերը և 15%-ով իջեցնել սակագինը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: 

«Հայաստանում գրեթե չկա որևէ բիզնես, որտեղ հնարավոր չլինի 30%-ով իջեցնել ծախսերը: ՀԷՑ-ի դեպքում մտածում էի, որ այդ թիվը կլինի 40%, բայց իմ հաշվարկները ցույց տվեցին, որ 50% է կազմում այդ թիվը: Սա պարզ, տրամաբանական հաշվարկ է»,-ասաց Հարություն Մեսրոբյանը:

Ըստ նրա, քանի որ ՀԷՑ-ի հայտից պարզ է, թե դա ինչ թվաբանական աճպարարություն է, ուրեմն դրա տակ շատ բան կա:

«Կառավարման իմաստով շատ վատ փուլի մեջ ենք, և դա վաղ թե ուշ բերելու է պայթյունի: Եթե պետությունը մտնում է ցնցումների դաշտ, ուրեմն այստեղ գործելու է ճոճանակի էֆեկտը»,-նկատեց փորձագետը:

Խոսելով քաղաքական և քաղաքացիական դաշտերի մասին, կառավարման փորձագետն ասաց հետևյալը. «Քաղաքական դաշտն ավելի շատ ռուսամետ է, քաղաքացիական դաշտը արևմտամետ է, իսկ իշխանավորների զգալի մասն ուղղակի մանևրում են, որպեսզի պահպանեն ունեցվածքը և, ինչու չէ՝ զարգացնեն: Այս անբարոյական եռանկյունու մեջ հայ ազգն ստացել է ճակատագրական հարված: Մենք կրակի հետ ենք խաղում, որովհետև կունենանք շատ վտանգավոր փուլ»:

Բանախոսի մեկնաբանմամբ՝ բոլոր նրանք, ովքեր թե՛ քաղաքացիական դաշտում, թե՛ քաղաքական դաշտում բազմակի անգամ անհաջողություններ են արձանագրել իրենց կյանքում, փորձում են «գլխաքանակի» մեջ իրենց գտնել:

«Շատերն իրենց անբարոյականությամբ մարդկանց դուխաթափ են անում, ճամպրուկը վերցնում ու գնում: Դա անընդունելի է, և այսօր այդ անբարոյականությունը շարունակում ենք: Մենք այսօր կորցնում ենք մարդկանց, որոնք էլ չեն վերադառնալու: Չպետք է թույլ տալ, որ մարդիկ հիասթափվեն»,,-հայտարարեց Մեսրոբյանը:

Դարձյալ խոսելով պայքարի մասին, Հարություն Մեսրոբյանն ասաց, որ սա հայ ազգի արդարության պահանջն է, պարզապես տվյալ դեպքում հիմքը վերցրած է էլեկտրաէներգիան:

Ինչ վերաբերում է աուդիտին, որը պետք է անցկացվի ՀԷՑ-ում, Հարություն Մեսրոբյանն ասաց, թե շատ բան կախված է նրանից, թե ո՞ր աուդիտի մասին են խոսում, այն, որը լինելու է «պտիչկայի համա՞ր», թե այն, որը լինելու է աուդիտ՝ ըստ էության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել