Նախ՝ ձեռքբերումները: Վախը հաղթահարված է, այս իշխանությունն անհաղթելի բռնապետություն չէ: Հաղթահարելի է: Հայ երիտասարդությունը զարմի մաքրությամբ մոլորակային երևույթ է: Մենք ապագա ունենք: Սա փայլուն ձեռքբերում է:

Չքաղաքականացման կոչը մարտավարական ծագում ունի: Մաքրել ՀԷՑ-ը, ուղղել սակագինը, իսկ ԵՐԿՐԻ ՄԱՔՐՈ՞ՒՄԸ: Մի օր հասնելու ենք ԵՐԿՐԻ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՈՒԴԻՏԻՆ: Գրոշի գին կունենա որևէ շարժում, եթե դրան չհասնի: ԵՐԿՐԻ ԱՈՒԴԻՏ: Այս հասկացությունը թող կյանք մտնի:

Երկրի աուդիտը հենց ԱՅՍՕՐ սկսելը վաղ կլինի, որովհետև երկիրը մեզ չի պատկանում, իշխանությանն էլ չի պատկանում՝ չհաշված նրա վասալական սեփականությունը: Երկրի չերևացող տերը ռուսական կայսրությունն է: Եթե մոտենանք իշխանության հրաժարականին՝ 102 բազայի դարպասները կբացվեն… Նախաձեռնող խմբին սա էր ասել իշխանությունը՝ չքաղաքականացնեք, հրաժարականի պահանջ չդնեք, այլապես՝ մեզ գցեցիք, գործ կունենաք ուրիշ հետ: Վաղինակ Շուշանյանի դեմքին գրված էր: Ահա Բաղրամյանից Օպերա գնալու որոշման զսպանակը:

Այժմ Շարժումը Հայաստանի ինքնիշխանության իրական կրողն է: Իշխանությունն էլ կօգտվի ինքնիշխանության այս նոր աղբյուրից, եթե միայն պատասխանատու ձևով:

Շարժումը պիտի շարունակի երկրի մաքրումը՝ կարմիր գծեր, տուգանքներ, գազ. գործը շատ է: Շարժումը կպահպանի ճնշումը և իշխանության հետ կշարունակի ներքին երկխոսությունը՝ Հայաստանի բարձրագույն իշխանության հրաժարականի օրը ԳԻՏԱԿԱՆՈՐԵՆ, կասեի՝ միջազգայնորեն, մարդավարի նախապատրաստելու համար: Ուրիշ ԵԼՔ երկիրը չի ունենալու: Մոտեցնել նոր սկիզբը: Այդ մասին մի հետազոտություն արել ու հրապարակել ենք:

Ռուսաստանն ատելու շքեղություն մեզ թույլ չենք տա: Բլոկ և Ախմատովա կարդանք: Կարեկցենք այդ երկրին: Թող նա անցնի ի՜ր ճամփան: Մենք մեր երկիրն ենք մաքրում:

Եթե թույլ կտաք, սա հեղինակային հետազոտություն է: (©)«Դռնոյան-Նալյան ընտանիք» հեղինակային խումբ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել