Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այսօր այցելել էր Բաղրամյան պողոտա, ուր արդեն 8-րդ օրն է ինչ նստացույց է անցկացվում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացան և զրուցել երիտասարդների հետ:

Զրույցի ընթացքում նա բնական համարեց, որ երիտասարդները պետք է լինեն մի քիչ «խև, բայց ոչ խելառ»:

«Որպես կանոն, երբ քչից, թե շատից մտածող մարդ ես, դիմացինիդ մեջ քեզ ես տեսնում, որովհետև մենք՝ յուրաքանչյուրս, Աստծո զավակներ ենք ու ստեղծված ենք Աստծո նման:
Երբ մենք միմյանց հետ ենք խոսում, մենք միմյանց ենք տեսնում: Ուղղակի շատերի տեսողությունը մակերեսային է՝ մարմինն են տեսնում, հոգին չեն տեսնում, մարդիկ էլ կան հոգին են տեսնում: Այ փորձեք դուք հոգով ճանաչել: Սուրբ Գրքում ասում է՝ «Ոչ տեսածիդ հավատա, ոչ լսածիդ հավատա, թե հոգուտ աչքը բաց է, կզորանաս»»,-
 ասաց ոստիկանապետը:


Նա բացատրեց երիտասարդներին, թե ինչու է այս օրերին ոստիկանությունը հանդուրժող և չի վերականգնում փողոցում հասարակական կարգը:

«Ոստիկանությունը մաքսիմում հանդուրժող է ոչ թե նրա համար, որ թույլ է, այլ որովհետև գիտի, եթե գեթ մի երիտասարդ, մի մոլորված մարդ կա, պետք է խոսքով ու խելքով օժանդակի, հանի դրա միջից: Սպասում ենք, որ հալալ լինի, հարամ չլինի, որ տղերքը չկոտրվեն, ջահելները չկոտրվեն, չասեն մեր մեծերը մեզ ջարդեցին, հավատներս կորցրինք»,- ասաց նա:

Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ պետք է Սուրբ Հոգով լցվել, որպեսզի առաջ գնալով խավարը լույսի փոխվի:


«Թե չէ չարի պատկանելիության մեջ, եթե լույսով ու խղճով մարդիկ չլինեն, խավարը փակելու է երկիրը, իսկ մենք քչաքանակ ազգ ենք»,- ասաց նա:

Երիտասարդներից մեկի դիտարկմանը, թե նույնը կարդացել է նաև Սուրբ Գրքում, Վլադիմիր Գասպարյանն ասաց, որ շատ լավ է արել, որ կարդացել է, բայց իր իսկ խոսքերով «ծերուկական» մի խորհուրդ տվեց. «Մի կարդա Սուրբ Գիրքը, խոսի՛ր Սուրբ Գրքի հետ: Հենց կարդալու ժամանակ երկխոսի հետը, ինքը խոսում է, եթե չգիտես, իմացիր»,- ասաց նա:

Այնուհետև դիմելով անազատության դատապարտված Շանթ Հարությունյանի որդուն՝Շահեն Հարությունյանին, ասաց. «Ձգվի՛ր, ամուր եղի՛ր, խելառությունդ պահի չափի մեջ, հա՞ բալես: Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Աստված պահպան ձեզ»,- ասաց ոստիկանապետը և հեռացավ, իսկ երիտասարդներն էլ մաղթեցին բարի ծառայություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել