«Հայփոստում» իրենց լրիվ ձեռ են առել կամ էլ, բանակային լեզվով ասած, իրենց տվել են շկոտնիկությանը (բանակում այդպես են կոչում ուրիշի իրերը փորփրելու ու դրանցից գողություններ անելու պրակտիկան)։ Էս էլ արդեն որերորդ դեպքն ա, որ ԱՄՆ-ից ծանրոց են ինձ ուղարկում, ու դրանք ինձ հասնում են բացված ու միշտ ինչ-որ բան միջից թռցրած։
Երբ առաջին անգամ նկատեցի, որ ծանրոցի կպչուն ժապավենը մեկ անգամ պոկվել ու հետո հետ է կպցվել, դրան առանձնապես նշանակություն չտվեցի, առավել ևս, որ ոչ մի թանկարժեք բան չկար դրա մեջ, բայց երբ նույնը եղավ երկրորդ ու երրորդ անգամ, փոստատարին հարցրեցի, թե էս ինչ խաբար ա, ինձ ասեց՝ թե, ախպեր, ինձ ինչը ոնց տալիս են, ես էլ բերում եմ, ես քանի՞ գլխանի եմ, որ ուրիշի վեշերի մեջ մտնեմ։ Ասում եմ՝ լավ, քեզ չեմ էլ մեղադրում, բայց ինձ էն ասա, ռեալ ա՞, որ բանդեռոլը բացած լինեն էստեղ կամ էլ դուրսը։ Հետաքրքիր բան պատասխանեց էս հարցիս։ Ասում ա՝ եթե ծանրոցն ԱՄՆ-ից ա կամ էլ Եվրոպայից, էդ եսիմինչ պետք ա լինի, որ ծանրոցը բացեն, այնտեղ բավարարվում են սարքավորումներով ստուգելով, թե արդյո՞ք որևիցե վտանգավոր կամ էլ արգելված բան չկա մեջը, բայց չեն բացում։ Եթե ծանրոցը Ռուսաստանից կամ էլ հետխորհրդային երկրներից է, կա հավանակնություն, որ բացեն, բայց շա՜տ քիչ, իսկ էս վերջերս հատկապես մեզ մոտ՝ «Հայփոստում» են սկսել ծանրոցների բացված լինելու վրա բողոքներ գալ։ Շնորհակալություն հայտնեցի ու ճամփեցի և որոշեցի հաջորդ օրն անձամբ իջնել «Հայփոստ», որպեսզի տեղում պարզեմ, թե էս ինչ անշնորհքություն է կատարվում։
Սկզբում իջա մեր թաղի փոստարկղ, որտեղ ինձ բավականին ագրեսիվ կերպով ասացին, որ իրենք իմ ծանրոցների հետ գործ չունեն, եթե ինչ-որ բողոք կա, դիմեմ կենտրոնական բաժանմունք։ Ասում եմ՝ այ քուր ջան, այ քո ցավդ տանեմ, ինչի՞ ես վրաս մուննաթ գալիս, ես քեզ անձամբ ոչնչի մեջ չեմ մեղադրում, պարզապես ձեր ընկերության հետ կապված հարց է ծագել, ուզում եմ փորձել հասկանալ, թե ովքեր են բողոքներիս հասցեատերերը, սա էլ թե՝ ես ամեն մի նման մանր բանի ժամանակը չունեմ։ Ասում եմ՝ ի՞նչն ա մանր բան, էս անգամ մանր ու ոչ արժեքավոր բան են թռցրել կամ էլ ուղղակի շմոն են արել, վաղը մի կարևոր բան կլինի ծանրոցում, էդ կտանեն, հետո ո՞վ ա տեր լինելու։ -40 աստիճան սառը տոնով կրկնեց էս նախկին օրիորդը. «Գնացեք կենտրոնական բաժանմունք, ես Ձեր վեշերի հետ գործ չունեմ»։
Իջա հրապարակի պոչտա, ասում եմ՝ սենց-սենց, ընկերներ ջան, արդեն որերորդ անգամ է՝ ծանրոց եմ ստանում, որը բացված, հետո հնարավորինս զգույշ փակված է լինում, որ միանգամից չնկատես (սկոչը պոկելուց ես միայն զգում, որ այն մեկ անգամ պոկվել է ու էլի կպցվել)։ Ասում է՝ անհնար է։ Ասում եմ՝ ի՞նչն է անհնար, եթե արդեն երրորդ անգամ է նման բան լինում։ Ասում ա՝ մենք չենք։ Բա ո՞վ ա։ Ի՞նչ իմանամ, կարա փոստատարդ էլ լինի, կարա Ձեր բաժանմունքն էլ լինի, կարաս դու էլ բացած լինես ու հիմա գլխներիս սարքելուց լինես...
Հնարավորինս փորձում էի պահպանել սառնասրտությունս ու չպատասխանել այդ անտաշությանը։ Ասում եմ՝ ընկերուհի ջան, ձեզ մոտ որ ծանրոց է գալիս, դուք այն ստուգո՞ւմ եք։ Ասում ա՝ հա, բայց մեջը չենք մտնում։ Ասում եմ՝ բա էդ դեպքում բացատրեք խնդրեմ, թե ո՞ւմ դիմեմ, եթե արդեն որերորդ անգամ մոտս էս խնդիրն է։ Ում ուզում եք, դիմեք, մեզանից ի՞նչ եք ուզում...
Ու այ տենց էլ շիվարած մնացի ու հիմա չգիտեմ՝ ինչ անեմ։ Ախր եղածն իրոք մեծ բան չէ։ Մանկության ընկերս ինձ պարբերաբար իմ սիրած ամերիկյան Մալբորոներից է ուղարկում՝ փափուկ տուփերով, ծամոն-մամոն, ինչ-որ բացիկ կամ էլ նամակ, մեկ էլ կարող ա երեխեքիս ինչ-որ խաղալիք ուղարկի փոքրիկ կամ էլ ինչ-որ հուշանվեր։ Ամոթ էլ է՝ հարցնես, թե ինչ էիր ուղարկել, ասա տեսնեմ, հո չե՞ն թռցրել միջից, ոչ էլ էն ա ասես՝ «FedEx»-ով կամ էլ «DHL»-ով ուղարկի, որովհետև էդ անտերներն էլ ավելի թանկ են, քան սովորական փոստը։ Իսկ ամենավիրավորականն այն է, որ երբ խնդիրդ բարձրաձայնում ես, քեզ քիչ է՝ մեղադրում են կլաուզնիկության մեջ, մի հատ չեն էլ փորձում խնդրին լուծում տալ։ Ու հիմա անկեղծ չգիտեմ՝ էլ ինչ անեմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել