Ալեք Մանուկյան-Սայաթ Նովա խաչմերուկի վրա գտնվող Սեֆիլյանենց Նախախորհրդարան- Հիմնադիր խորհրդարան քաղաքական ապապետական կառույցի գլխավոր գրասենյակի մուտքի վրա հայտնվել է «Պայքարն սկսվել է» ցուցանակը։ Դատելով, թե ովքեր են այսօր Բաղրամյանի վրա, ովքեր են այսօր փորձում ղեկավարել այնտեղ գտնվող մարդկանց, հիմք ընդունելով Ազատություն ռադիոկայանի՝ ուղիղ եթերում պատահականորեն ամրագրված բառերը, որ «ցույցի լիդերները» Հիմնադիր խորհրդարանից են, նրանց պաստառների, հայտարարությունների բովանդակությունը և հոսանքի թանկացման պայքարի բուն բովանդակությունից հեռու, անտեղյակ լինելը, հաշվի առնելով այն, որ «կազմակերպիչների» մեջ է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտթևը՝ ի դեմս դրա ղեկավար Նարեկ Այվազյանի, «Հայազն» կուսակցության երիտակտիվը, Շանթ Հարությունյանի որդին և համախոհները, քաղաքական այլ դեմքեր, այլ մանր փաստեր, որոնք այստեղ ես չեմ հրապարակի, ես վստահաբար ասում եմ, որ Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցը ՔԱՂԱՔԱԿԱՆ Է, և «Ոչ Թալանին» նախաձեռնության վերադարձը պողոտա քաղաքացիական հասարակության կայացման գործում հետնահանջ է` քաղաքական կոնյուկտուրայի դիմաց, հաղթական հանգրվանից հրաժարում, քաղաքականությունից հոգնած, բայց սոցիալական լուրջ առաջընթացի սպասող հասարակության՝ լայն հատվածների հիասթափեցում: «Ազատություն», «Լրագիր», «E-press», «Ilur», մի քանի այլ «ընդդդիմադիր», բայց բացահայտ արևմտամետ կայքերով և լրատվամիջոցներով գնում է «Ոչ թալանին» նախաձեռնության դերի նվազեցման, վարկաբեկման քարոզարշավ և Բաղրամյանում գտնվողների հերոսացում և արդարացում` ի հակակշիռ իշխանամետ լրատվամիջոցների։ Ավելին` սոցկայքերը ողողված են անձանց կեղծ էջերով, որոնցից պարբերաբար զրպարտություններ, վարկաբեկումներ են հնչում այն մարդկանց նկատմամբ, ովքեր դեմ են Բաղրամյանում ինչ-որ քաղաքական շարժմանը, հեղափոխության, իշխանափոխության կոչեր և հայտարարություներ են հնչում, տարածվում են իշխանության մարմիններին վարկաբեկող ֆոտոշոփեր, որոնք նույնիսկ չէին անի հարևան Ադրբեջանում... Եթե «Ոչ թալանին» խումբը վերադարձավ Բաղրամյան՝ վախից դրդված, թող պարզաբաներ այդ մասին, ժողովուրդը կպաշտպաներ նրան, կաջակցեր, կպատժեր սադրիչներին, հրահրողներին։ Եթե այն գոհ չմնաց Նախագահի որոշումից, թող հայտարարեր դա նախապես, ոչ թե այդքան օրեր անց։ Եթե իրոք ոչ քաղաքական էր, ապա չվարկաբեկվեր` միանալով «քաղաքական թևին»։ Հոսանքի թանկացման դեմ հանրային կարծիքը քաղաքական երբեք չի եղել, ինչպես մեզ փորձում են համոզել որոշ մարդիկ, և ես ցավում եմ, որ դեռ գործընթացը, նոր սկսված, կարող է ձախողվել, քանի որ նման գործելաոճով այն կմնա առանց քաղաքացիական հանրության վերահսկողության, որի ուղղությամբ իրենց թաթերն են գցել «ճ» կարգի քաղաքական որոշ ուժեր` ինքնահաստատվելու, փիառվելու և հեղինակավորվելու համար։ Ես այսուհետ փորձելու եմ քիչ անդրադառնալ այս գործընթացներին, քանի որ առանց այդ էլ ինձ մեղադրում են հանրապետական, պրոիշխանական, այլևայլ լինելու մեջ, բայց նշելու եմ բոլոր, անխտիր բոլոր զանցանքները, և մերկացնելու եմ նրանց, ով հուսախաբ արեց ժողովրդին, իրական ժողովրդին, այլ ոչ թե նրանց, ովքեր կանգնած են Բաղրամյանում (այնտեղ կան նաև ազգի նվիրյալներ, որոնք կամ դեռ չեն գիտակցել վտանգը, կամ դեռ փորձում են կողմնորոշվել)... Թեև հասարակության մեծամասնությունը, այո` մեծամասնությունը չկանգնեց, չմասնակցեց մի քանի հազարի խաղուպարին, մանկապարտեզային ցերեկույթների, բայց սատարում, կարեկցում, աղոթում էր, և շնորհակալ մնաց այն 7 օրվա պայքարի հաղթական արդյունքների համար, որի դափնիները «Կապիկ ու ակնոցներ» առակի հերոսի նման իրենց վրա ուրիշներն են փորձում այժմ տեղադրել։ Այսքանը։

Կեցցե քաղաքացիական հասարակությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել