Tert.am-ը գրում է.

Արժույթի միջազգային հիմնադրամը 2015թ ավարտին կանխատեսում է, որ ՀՀ-ի տնտեսությունը կարձանագրի 0% տնտեսական աճ կամ փոքր-ինչ ավելի։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդը՝ ընդգծելով, որ հաջորդ տարվա համար ևս կանխատեսում են առավելագույնը 1 տոկոս տնտեսական աճ։

«Այս տարածաշրջանի երկրների տնտեսության վրա հիմնական ազդեցությունը ունենում է ՌԴ-ի տնտեսական վիճակը և նավթի գնի նվազումը։ ՀՀ-ի վրա կլինի նույն ազդեցությունը, ինչ մյուս երկիրների վրա։ Մասնավորապես, ՀՀ-ի տնտեսության վրա ազդեցություն է ունեցել ՌԴ-ի տնտեսական ակնումը, ՌԴ-ից Հայաստան մուտք գործող տրանսֆերտների 40%-ով նվազումը, արտահանման նվազումը։ Արդյունքում Հայաստանի տնտեսությունը երևի այս տարի ընդհանրապես չաճի, բայց հուսով ենք՝ սխալ կլինենք մեր կանխատեսման մեջ։ Միգուցե տարին ավելի լավ ավարտվի, քան զրոյական չափն է»,-ասաց նա։

ԱՄՀ պաշտոնյան նշեց, որ Հայաստանն արդեն իսկ կրում է 2009թ-ի ճգնաժամի հետևանքները, քանի որ այս ընթացքում ծախսել է այն ֆինանսական բուֆերները, որոնք կուտակել էր տարիներ ընթացքում։

«ՀՀ-ն փոխառություններ վերցրեց վերջին տարիներին ու ավելացրեց արտաքին պարտքը։ Միջազգային պահուստները ընդունելի մակարդակում են, սակայն մեծ չափով դրանք հիմա օգտագործել հնարավոր չէ։ Սա նշանակում է, որ ՀՀ տնտեսության համար հիմա երկու կարևոր մարտահրավերներ կան՝ կարճաժամկետ և միջնաժամկետ։ Առաջինի դեպքում մոտակա 12-18 ամիսների ընթացքում տնտեսությունը կառավարվողները պետք է կարողանան գտնել ոսկե միջինը։ Իսկ միջնաժամկետ հատվածում հիմնական մարտահրավերը պետք է լինեն ջանքերը՝ ուղղված տնտեսության աճը 3-3.5%-ից բարձրացնելուն»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ պետությունը պետք է պետական հատվածի ծախսերի մի մասը ուղղորդի դեպի տնտեսություն՝ ներդրումների տեսքով։ Ըստ Մասուդ Ահմեդի՝ պետությունը պետք է աջակցի մասնավոր հատվածին՝ բարելավելով գործարար միջավայրը։

«ՀՀ-ում հիմնարար խնդիրն է բավարար չափով աշխատատեղերի ստեղծումը, որը  հնարավորություններ կստեղծի երիտասարդների համար ապագա տեսնել սեփական երկրում»,-ասաց նա։

ԱՄՀ պաշտոնյան բացատրեց, թե որն է այս ամենի մեջ իրենց դերը. «ԱՄՀ-ն երկար տարիներ գործընկերության մեջ է Հայաստանի հետ. սատարել ենք երկու տասնամյակ։ Ներկայումս տնտեսական ծրագիր ենք իրականացնում, որը մշակել է իշխանությունը և իրականացնում է նախորդ տարվանից։ Ծրագիրը լավ է իրականացվում, բայց դա պետք է հարմարվի նոր իրավիճակին»,-ասաց նա և ընդգծեց, որ վերջին օրերին այդ հարցով հանդիպել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հարցին, թե առաջիկայում հնարավո՞ր է՝ լինեն նոր ցնցումներ, որոնք կազդեն տնտեսության վրա, Մասուդ Ահմեդին նշեց, որ եթե դրանք կանխատեսելի լինեին, ուրեմն ցնցումներ չէին համարվի և նշեց, որ հնարավոր է, որ հակառակը տեղի ունենա։

«Կարելի է նշմարել դրական «շոկ» ՀՀ-ի նման երկրի համար։ Եթե ՌԴ տնտեսությունը բարելավի իր վիճակը, ուրեմն դա դրական ազդեցություն կունենա ՀՀ-ի վրա։ Բացի այդ, ՀՀ-ի համար շատ լավ կլինի, եթե Իրանի և միջազգային հանրության հարաբերությունները բարելավվեն։ Եթե քննարկումներն ու բանակցությունները բարեհաջող ավարտվեն, կարող է դա հանգեցնել կապիտալի հոսքի դեպի ՀՀ»,-ասաց նա։

Մասուդ Ահմեդը նաև դրական համարեց այն, որ ՀՀ տնտեսական աճի աղբյուրները, ի տարբերություն նախկինի, տարբեր են։

«Տարիներ առաջ ողջ տնտեսական աճը ապահովվել էր շինարարության հաշվին, հիմա բազմազանություն կա՝ մասնավորապես ՏՏ ոլորտի հետ կապված, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության։ Բայց արդյո՞ք սա բավարար է։ Ապագայում, կարծում եմ, որ աճի աղբյուրների մրցունակությունից ու շուկաներ մուտք գործելու կարողությունից է կախված ՀՀ-ի տնտեսության աճը»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել