Այ Էս ուրիշ բան...

1. Բյուջեի կամ պետական վարկերի միջոցներից 6.93 դրամի փոխհատուցումը, միևնույն է, կատարվելու է Հայաստանի հարկատուների հաշվին: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը քաղաքացիներին հայտնում է, որ նրանք կշարունակեն վճարել այդ գումարը, միայն թե ոչ ուղիղ, այլ պետությանը մուծած հարկերի և տուրքերի տեսքով: Այսինքն՝ ժողովրդի մի գրպանի փոխարեն ծախսը կկատարվի մյուս գրպանից:

2. Իր ելույթում Սերժ Սարգսյանը խոսում է աուդիտի անցկացման մասին: Մինչդեռ հայտնի է, որ յուրաքանչյուր տարի կատարվում է Հայաստանի էլեկտրական ցանցերի ֆինանսական վիճակի աուդիտ, և տրվում է գնահատական: Մասնավորապես՝ վերջին` 2014թ.-ի աուդիտի արդյունքում հեղինակավոր «Էռնստ էնդ Յանգ» (Ernst and Young) կազմակերպությունը ՀԷՑ-ը գնահատել է որպես վատ կառավարվող և ոչ վարկունակ ընկերություն: Հետևաբար, արդեն ակնհայտ է, որ սակագնի բարձրացումը պայմանավորված է վատ մենեջմենթով և վատնումներով, և այժմ խոսք կարող էր լինել միայն այսպես կոչված խարդախությունների հայտնաբերման աուդիտի (fraud audit) մասին, սակայն Սարգսյանը խնամքով շրջանցում է սույն խնդիրը: Ավելին, Սարգսյանը, ըստ էության, կանխորոշում է աուդիտի արդյունքը` նշելով, որ սակագնի բարձրացումն արդարացված է:

3. Սարգսյանի ելույթում ակնարկ անգամ չկա, որ ներկա անընդունելի վիճակը ստեղծվել է այն պատճառով, որ պետական կառավարման և իրավապահ մարմինները ոչինչ չեն արել մոնոպոլիստ ՀԷՑ-ում տարիներ շարունակ կատարված վատնումները և չարաշահումները հայտնաբերելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, ինչը վկայում է, որ թալանը հովանավորվում է հենց բարձրագույն իշխանության կողմից: Այլապես, իրավիճակի առողջացման լավագույն միջոց կդիտարկվեր դատախազության կողմից կոռուպցիոն այդ երևույթների քննության իրականացումը:

4. Սերժ Սարգսյանի շեշտումը, որ փոխհատուցումն արվելու է ի հաշիվ անվտանգության ամրապնդման համար նախատեսվող միջոցների, ոչ այլ ինչ է, եթե ոչ էժանագին շանտաժ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ, որի նպատակն է նման կասկածելի լուծման պատասխանատվությունը դնել ցուցարարների վրա:

5. Սերժ Սարգսյանը բառախաղերի միջոցով փորձում է քողարկել վարչախմբի իրական մտադրությունը. այն է`առայժմ ժամանակ շահել և հասնել բողոքի ալիքի մարմանը, իսկ այնուհետև սակագնի չհիմնավորվածությունն ապացուցող աուդիտի եզրակացության դեպքում անգամ չեղյալ չհայտարարել սակագնի բարձրացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել