Տարիներ առաջ մի ակադեմիական հետազոտություն էի կատարել Հայաստանի քաղաքական մասնակցության թեմայով, որտեղ պաշտպանել էի այն տեսակետը, որ քաղաքացիական նախաձեռնություններն իրենց վախճանն են տեսնում այնտեղ, որտեղ առաջ են գալիս միջանձնային-միջգաղափարական տարաձայնությունները, երբ ցուցարարները դուրս են գալիս իրար դեմ, պայքարում իշխանության համար և ի վերջո պառակտվում:

Ինձ իրավունք չեմ վերապահի պարսավել որևէ մեկին, բայց էս պայքարն արդեն ոչ թե թանկացումների դեմ ա, այլ իրար դեմ: Հիմա էլ սկսվել ա Բաղրամյան-Ազատության հրապարակ պայքարը... Միգուցե պետք ա թարգե՞լ իրար մեջ թշնամի, դավաճան տեսնելն ու շուրջ բոլորը սադրիչներ փնտրելը։ Բոլորը վերջիվերջո նույն մտահոգությունն ունեն, ու թանկացումները սպառնում են երկու կողմին էլ:

Թերևս «Դեմ եմ պարտադիրին» քաղաքացիական շարժման ժամանակ պրակտիկորեն ապացուցվեց, որ որոշ քաղաքական ուժեր ցանկացած պատեհ-անպատեհ առիթով միշտ էլ փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել ժողովրդի պայքարի հաշվին, բայց, ի ուրախություն մեզ բոլորիս, քաղաքացիական հասարակությունն այսօր էնքան կա, որ չի տրվում ՕԵԿ-ական մախինացիաներին: Ու սա էլ չպետք ա բացառություն լինի:

Եվ հետո, հարգելի՛ քաղաքացիներ, մյուս ծայրահեղությունն էլ մի բան չի, երբ ամեն կերպ խուսափում եք պայքարին քաղաքական բնույթ տալուց: Ցանկացած լոբբիստական քաղացիական նախաձեռնություն արդեն իսկ քաղաքական վարքի դրսևորում ա: Ու ժողովրդի գլխին նորանոր «օյիններ» բերողը մեր «սիրելի» իշխող կուսակցությունն ա: Ու «լավագույն» սադրանքն էս պահին այն ա, որ նախագահն իր հիացմունքն ա արտահայտում Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման վերաբերյալ ու ասում, որ իբր մերոնք ու ձերոնք չկան (բայց մերոնք ձերոնց պատրաստ են հոշոտել, եթե անհապաղ չլքեք Բաղրամյան փողոցը): 
Մի՛ տրվեք հենց նմանատիպ սադրանքների ու հիշե՛ք, որ ձուկը գլխից ա փտում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել