Ես միշտ քննադատողական եմ վերաբերվել մեր ընդդիմադիր ուժերին: Դա չի նշանակում, թե իշխանամետ եմ: Ամենևին: Իշխանությունն էլ մի բարի պտուղ չի՝ իրեն բնորոշ թերությունների մի մեծ ցուցակով:

Մեր նորագույն քաղաքական պատմությունը վկայում է, որ այս պետության գոյության տարիներին կան ուժեր, ովքեր «սեփականաշնորհել» են ընդդիմադիր դաշտը: Նրանց թվում է, թե դա ինչ-որ մեկից ստացած անկապտելի ժառանգություն է, որ սերնդե սերունդ իրենց է պատկանում, փոխանցվում ժառանգաբար: Ավելին՝ նրանց պատկերացմամբ հաճախ ամեն ընդդիմադիր նոր ուժ դաշտում քաղաքականությամբ զբաղվելու համար նախ ընդդիմադիր «ԳՈՒՐՈՒ»-ների թրի տակով պետք է անցնի: Երևի իրենք են այս երկրի ընդդիմադիր մոնոպոլիստները:

Նոր ընդդիմադիր ուժերի, շարժումների (կարևոր չէ քաղաքացիական, թե քաղաքական) նկատմամբ հիստերիկ խանդը և անհանդուրժողականությունն այս անգամ էլ իրեն ի ցույց դրեց: Ի՞նչ արեցին ընդդիմադիր «թոշակառուները»՝ ամեն կերպ փորձեցին իրենցով անել քաղաքացիական շարժումը՝ վարկաբեկելով նրա ակտիվիստներին: Ինչի՞ եք ուզում դրանով հասնել, ի՞նչ խնդիր եք լուծում, ու՞մ համար եք լուծում: Ի տարբերություն ձեզ, «քաղաքացիական»-ի տղերքը իրենց հպարտ ու խելամիտ, խիզախ ու հավասարակշիռ, սկայան անփորձ ու մաքուր մոտեցմամբ խնդիր են լուծում երկրի ու հասարակության համար: Ու հասնում արդյունքի: Դուք ի՞նչ եք անում....

Մեր ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ այսքան տարի ադեկվատ ընդդիմություն չենք ունեցել: Ու դրանով է իշխանությունը միշտ ուժեղ դարձել, հաղթել: Ձեր «կաղացող» սկզբունքայնությունը տարիներ շարունակ անպտուղ է եղել: Սկբզբունքայնությունը պետք չէ խառնել անմիտ համառության հետ: Ամեն անգամ արժեզրկել եք «ընդդիմադիրի» կարևոր առաքելությունը: Այսօր փաստ է, որ ձեր քայլերը ժողովրդի շահերի հետ որևէ աղերս չունեն:

Աբսուրդ է, բայց ամեն ընդդիմադիր նոր բողբոջի ոչ թե իշխանությունն է առաջինը ցանականում մեկուսացնել, վարկաբեկել, այլ հենց իրենց ընդդիմադիր հռչակած որոշ ուժեր: Դա է քաղաքական դաշտի մեր ամենից մեծ դժբախտությունը:

Հ.Գ. երեկ գիշերը բաղրամյանում էի: Շատ հստակ ու տեսանելի էր, թե քաղ.ուժերից ովքեր և ինչ պլաններ գծագրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել