Մասնագիտությամբ լեզվաբան Աննա Ավագյանը կոլաժներ է ստեղծում ժամացույցի փոքրիկ մասերից: Աննայի կոլաժներում ժամանակը «կենդանանում» է տարբեր պատկերների շնորհիվ: Blognews.am-ի հետ զրույցում նա պատմել է կոլաժների ստեղծման պատմությունը:

«Դա սկսվել է դեռ մանկուց. պապիկս չափագետ էր, բայց զբաղվում էր նաև ժամագործությամբ: Նա այդ գործը սովորել է բանակային տարիների ընթացքում և փոքր ժամանակ ինձ էլ էր սովորեցնում ժամեր վերանորոգել: Իսկ ես ժամերով կարող էի նստել նրա հետ այդ սենյակում և նայել, թե ինչպես է աշխատում: Երբ արդեն պապիկս չկար, ես հավաքեցի նրա թողած բոլոր ժամացույցների մասերը, գործիքները և պահեցի մի դարակում, քանի որ դրանք ինձ համար պարզապես գանձեր էին: Այս ձմռանը շատ էի հիշում պապիկիս, մի օր բացեցի այդ պահարանը և սկսեցի պատկերներ տեսնել: Սա կարծես ի վերուստ տրված պարգև լինի, քանի որ երբեք իմ կյանքում կոլաժներով չեմ զբաղվել»,-պատմեց Աննան և նշեց, որ հունվար ամսից անցել է գործի և երբ ստեղծեց առաջին կոլաժը, չէր պատկերացնում, որ այդ աշխատանքներով նաև ցուցահանդես կունենա. «Ես ուզում էի իմ պապիկի հիշատակին մի քանի կոլաժ ստեղծել, բայց ոգևորությունս այնքան մեծ էր, որ միանգամից երեսուներկու տարբեր կոլաժներ ստեղծեցի: Բոլոր աշխատանքներում կա պապիկս և այն հիշողությունը, որ ես ունեմ՝ նրա հետ կապված»:

«Նարեկացի» արվեստի միությունում բացվել է Աննայի «Ժամանակը հիմա է…» խորագիրը կրող ցուցահանդեսը: Կոլաժներից մեկում Աննան պատկերել է նաև Նարեկացուն: Երկար և չափազանց պատասխանատվությամբ է աշխատել այս կոլաժի վրա. «Հնարավոր չէր ճշգրիտ ձևով պատկերել, բայց ուրախալի է այն հանգամանքը, որ ցուցահանդեսին կային մարդիկ, ովքեր ասում էին՝ եթե նույնիսկ գրված չլիներ, որ Նարեկացին է, կհասկանայինք: Ուզում էի Նարեկացու անժամանակ լինելը ցույց տալ»:

Աննան ոգեշնչվում է իր ընտանիքով, հատկապես երեխաներով, ովքեր ևս ունենում են հետաքրքիր մտքեր և կիսվում մայրիկի հետ: Սկզբնական փուլում Աննան աշխատանքները որոշել էր պատրաստել պարզապես իր համար, բայց երբ հետաքրքրվողները շատ եղան, որոշեց` կարելի է նաև պատվերներ ընդունել. «Չեմ կարող հստակ գին նշել, ամեն ինչ կախված է նաև աշխատանքից: Դրանք յուրահատուկ են ոչ միայն նրանով, որ ժամացույցի մասնիկներից են, այլև որ Հայաստանում նման աշխատանքներն առաջին անգամ են: Իմ ոչ մի աշխատանք ես չեմ նմանակել, իսկ բոլոր աշխատանքներն ունեն «ժամանակ» անվանումը: Իմ աշխատանքներից հատկապես սիրում եմ «մայրանալու ժամանակը», որտեղ հղի կին է պատկերված, չէ՞ որ երեխա ծնելով՝ մենք ժամանակ ենք ծնում»:

Թեև ժամանակն անընդհատ առաջ է գնում, բայց Աննան կարողացավ ժամացույցի սլաքները հետ պտտել: Նրա համար ժամանակ գոյություն չունի, և երևի հենց դա է այն փաստը, որ ժամացույց չի կրում. «Ինձ հաճախ են ժամացույց նվիրում, բայց, մեկ է, չեմ կրում… Չգիտեմ պատճառը, հավանաբար շատ մոտիկից եմ ծանոթ դրան»:

Աննայի աշխատանքներին կարող եք ծանոթանալ այստեղ

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել