Tert.am-ը գրում է.

Բաղրամյան 3-ում գտնվող քաղաքական ուժերը, որքան էլ անձնական-անհատական մակարդակով են ներկա, արդեն իսկ  սկսել են քաղաքականացնել էլեկտրականության թանկացման դեմ մաքուր սոցիալական ցույցը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Ոչ միայն «Հիմնադիր խորհրդարանը», այլ շատ քաղաքական ուժեր փորձում են իրենց օրակարգը թելադրել այս ակցիային, բայց, որքան ես եմ հասկանում, դա չի հաջողվում և քաղաքացիները հակված են պահպանել ակցիայի սոցիալական ուղղվածությունը, քանի որ համախմբումը տեղի է ունեցել սոցիալական հենքի վրա: Հենց որ քաղաքական ուժի օրակարգ մտնի այնտեղ, ապա քաղաքացիների միջև այս համախմբումը հետագա մարտավարության նկատմամբ չի պահպանվելու»,- ասաց Բորիս Նավասարդյանը:

Վերջինս ամփոփելով` նշեց, որ ակցիան մարելու է նեղ քաղաքական ճանապարհով գնալու դեպքում:

Իսկ պատճառն այն է, որ ոչ մի քաղաքական ուժ այսօր Հայաստանում չունի քաղաքացիների մոտ  այն վստահությունը, որպեսզի նրանց կարողանա տանել իր հետևից:

«Դա խոսում է այն մասին, որ եթե քաղաքական ուժերը հակված են  զանգվածներն իրենց հետևից տանել, պիտի շատ լուրջ մտածեն իրենց վստահության աստիճանը բարձրացնելու մասին»,-  նկատեց փորձագետը ու ավելացրեց.«Բայց քանի որ դա ժամանակ է պահանջում, չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժի այս ակցիայի շրջանակներում դա հաջողվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել