Tert.am-ը գրում է.

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները կարող են ստիպել ռուսական «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ ընկերությանը վաճառել իր 100-տոկոսանոց դուստր ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը», գրում է ռուսական «Коммерсантъ» թերթը։

Իրավիճակին ծանոթ թերթի աղբյուրները հաստատում են, որ հոլդինգը պատրաստ է հրաժարվել խնդրահարույց ակտիվից և անգամ բանակցություններ սկսել պոտենցիալ գնորդների հետ: Հոլդինգն արդեն համապատասխան բանակցություններ վարել է։

Ինչպես գրում է թերթը, ռուսական հոլդինգն արդեն բանակցություններ է վարել գործարարների հետ, այդ թվում՝ «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Սակայն, ինչպես գրում է թերթը, ընկերության վաճառքի հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ. ՀԷՑ-ը զգալի պարտքեր է կուտակել, իսկ ցուցարարները պահանջում են, որ իշխանությունները չփոխհատուցեն ընկերության կորուստները պետական բյուջեից։

«Տաշիր» խմբի ներկայացուցիչները, իրենց հերթին, հայտարարել են թերթին, որ ընկերությունը չի գնել ՀԷՑ-ը:

«Եթե լինի վաճառքի մասին հայտարարություն, այդ ժամանակ արդեն ցանկացած կազմակերպություն կարող է, ուսումնասիրելով պայմանները, հասկանալ, թե տնտեսապես որքան է շահավետ ձեռք բերել հսկայական պարտքեր ունեցող ընկերությունը»,- ասել են խմբի ներկայացուցիչները։

Ընդ որում՝ Հայաստանում էներգետիկ վիճակին ծանոթ «Коммерсантъ»-ի աղբյուրը հաստատել է ինչպես «Տաշիր»-ի, այնպես էլ «հայկական ծագմամբ այլ ռուսաստանցի գործարարի» հետ բանակցությունների փաստը։

Թերթը գրում է, որ ստեղծված իրավիճակում ՀԷՑ-ի ներդրողի փոփոխությունը կարող է առավել արդյունավետ գործիք դառնալ երկրում քաղաքական լարվածությունը կարգավորելու համար։

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն առաջարկել էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 17,08 դրամով, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումով սակագինը բարձրացել է 6,93 դրամով՝ մեկ 1 կՎտ/ժ-ի համար, որոշումն ուժի մեջ պետք է մտնի օգոստոսի 1-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել