Ittrend.am-ը գրում է.

Հայաստանում, թերևս, չկա ինտերնետից օգտվող մի մարդ, ով չիմանա հայտարարությունների ամենատարածված կայքի՝ list.am-ի մասին․ իսկ ո՞վ է կայքի հիմնադիրը, ի՞նչ այլ նախագծեր ունի, ի՞նչ հաջողությունների է հասել և ի՞նչ ասելիք ունի հայ երիտասարդներին․․․

ittrend.am-ը կապ է հաստատել list.am-ի և 6 տարբեր ընկերությունների հիմնադիր Սուրեն Մարկոսյանի հետ, ով բնակվում և գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում (հարցազրույցի ռուսերեն բնօրինակը կարդացեք այստեղ

Սուրեն Մարկոսյան

Սուրեն Մարկոսյան

– Ի՞նչ ճանապարհ է անցել List.am կայքը և ինչո՞ւ երկար ժամանակ չի փոխվել կայքի դիզայնը։

– List.am կայքն անցել է շատ երկար ճանապարհ՝ գաղափարից վերածվելով Հայաստանում ամենախոշոր ու հայտնի կայքի։ Ներկա պահին List.am-ում առաջարկվում են գործնականում երկրի ներքին համախառն արտադրանքի գնով ապրանքներ։

List.am-ը ոչ միայն կայք է, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ, այլև Հայաստանում բնակվող շատ մարդկանց եկամտի աղբյուր է։ List.am-ն օգնում է նաև զարգանալ փոքր բիզնեսներին ու ձեռնարկատերերին՝ հնարավորություն տալով նրանց արդյունավետ կերպով հաճախորդներ ու գործընկերներ գտնել։

Բացի այդ՝ մենք աշխատում ենք բարեգործական կազմակերպությունների հետ և աջակցում ենք տարբեր նախաձեռնությունների, այդ թվում նաև կրթական։

Դեռ շատ բան ունենք անելու առաջիկայում, և գիտենք, որ List.am-ը կատարելագործվելու է, զարգանալու, համալրվելու նոր գաղափարներով և շարունակելու բոլորին օգտակար լինել։

Ինչ վերաբերում է դիզայնի մասին հարցին, ապա դիզայնը սուբյեկտիվ պատկերացում է։ Շատ հաճախ մասսայական օգտագործման արտադրանքներում մեծ փոփոխություններն առաջ են բերում բացասական հետևանքներ։ Մարդիկ սովորությանը ենթարկվող արարածներ են, եթե ինչ-որ բան լավ է աշխատում, ապա միշտ չէ, որ կա այն փոփոխելու անհրաժեշտությունը։

– Արդյո՞ք կա թիմ, որն աշխատում է վերոնշյալ կայքի վրա։

– Իհարկե կա․ list.am-ի վրա աշխատում է հրաշալի ու պրոֆեսիոնալ թիմ։

– Հայ երիտասարդները, ստարտափ ընկերությունների հիմնադիրներն այսօր շատ մեծ կարիք ունեն լսելու ստացված ծրագրերի, հաջողված նախագծերի մասին, որոնք իրականացրել է իրենց ազգակիցը։ Ձեր անցած ուղին նրանց շատ կոգեշնչեր, այդ պատճառով կխնդրեինք պատմել Ձեր ծրագրերի, նախագծերի ու բիզնեսների մասին, որոնք հաջողության են հասել։

– Ես հանդիսանում եմ 6 տարբեր ընկերությունների հիմնադիր, որոնց թվում են երկու խաղային ընկերություններ։ Նրանցից մեկը գնվել է, իսկ երկրորդը՝ CrowdStar-ը, բջջային խաղերի ամենախոշոր ընկերություններից մեկն է։ Վերջինս մեծ եկամուտ է ապահովում և շարունակում է ակտիվ աճել ու զարգանալ։

Եվ, իհարկե, List.am կայքը, որը ստեղծվել է բացառապես հայկական շուկայի համար ու արդեն ապացուցել է, որ նույնիսկ ոչ այնքան մեծ շուկայում հնարավոր է ստեղծել հաջողակ ինտերնետ-նախագիծ։

Բացի այդ՝ ես ներդրումներ եմ կատարում և օգնում եմ ընկերություններին, որոնք, օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները, լուծում են հետաքրքիր ու կարևոր խնդիրներ։ Օրինակ՝ ընկերություն, որը միացնում է մարդկանց վիրտուալ իրականության միջոցով, ընկերություն, որը խաղալիք-ռոբոտների միջոցով երեխաներին ծրագրավորում է սովորեցնում, ընկերությունը, որն օգտագործում է անօդաչու թռչող ռոբոտներ՝ փրկարարական գործողություններ կատարելու կամ մեծ շինություններ կառուցելու համար, և այլն․․․

– Գաղափարից մինչև բիզնես․ որո՞նք են ստարտափի՝ հաջողության հասնելու գրավականները։

-Հաջողության երաշխիք չի լինում, լինում է ձախողման երաշխիք։ Ես կարող եմ երաշխավորել, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվի, եթե ոչինչ չանեք։ Այլ խոսքերով ասած՝ երբեք չեք խփի նշանակետին՝ առանց կրակոցի։

Կարող եք մեծացնել հաջողության հասնելու շանսերը, սակայն երաշխիքներ տալ ոչ ոք չի կարող։ Ինչքան շատ աշխատեք, ինչքան շատ տարվեք ձեր նախագծով, մոտիվացված լինեք ու պատրաստ չհանձնվել ՝ շարունակելով առաջ գնալ անկախ ամեն ինչից, այնքան ավելի մեծ կլինեն հաջող արդյունքի հասնելու շանսերը։

Հիշեք, որ ձախողումները շատ արագ են մոռացվում, իսկ հաջողությունները՝ երկար հիշվում։ Բոլոր հաջողակ մարդկանց կյանքը սկսում է անհաջողություններից, բայց նրանք դրա մասին չեն պատմում, այլ դասեր են քաղում ու առաջ քայլում։

Եվ երբեք մի մոռացեք մարդկանց, որոնց հետ Դուք աշխատում եք ու մարդկանց, որոնք օգտագործում են ձեր արտադրանքները։ Ազնվությունն ու արդարությունը պետք է լինեն ցանկացած բիզնեսի հիմքում։ Յուրաքանչյուր մարդ, ով աշխատում է ու օգնում ձեզ, պետք է իրենց նախագծի «համասեփականատեր» զգա։ Գործնականում սա նշանակում է, որ բացառապես յուրաքանչյուր աշխատակից պետք է ունենա ընկերության իր մասնաբաժինը։ Սա կարևոր է ոչ միայն բարոյական մոտիվացիայի, այլև ազնվության տեսանկյունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել