Tert.am-ը գրում է.

Աթենքը Եվրախմբին կխնդրի մի քանի շաբաթով երկարաձգել Հունաստանին հատկացվող օգնության ծրագիրը, քանի դեռ երկրում նախապատրաստական աշխատանքներ են ընթանում տնտեսական միջոցների բարեփոխումների համար:

Այս մասին Եվրախմբի հետ բանակցությունների համար Բրյուսել ժամանելուն պես Reuters գործակալությանն է ասել Հունաստանի ֆիննախարար Յանիս Վարուֆակիսը:

Նախարարն ընդգծել է նաև, որ Արժույթի միջազգային հիմնադրամին պարտքի վճարման  համար սահմանված վերջնաժամկետի հարցը, որը հունիսի 30-ն է, պայմանավորված է վարկատուների ճկունությամբ:

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հուլիսի 5-ին երկրում  հանրաքվե կանցկացվի , որի ժամանակ քաղաքացիներն  իրենց կարծիքը կհայտնեն եվրոպացի վարկատուների առաջադրած ֆինօգնության պայմանների վերաբերյալ:

Focus Online պարբերականի հաղորդմամբ` միևնույն ժամանակ Գերմանիայի ֆիննախարար Վոլֆգանգ Շոյբլեն հայտարարել է, որ հանրաքվեի  մասին հայտարարելուց հետո Աթենքի հետ հետագա բանակցությունների համար հիմքեր չեն մնացել:

Հիշեցնենք, որ Հունաստանի վարկավորման ծրագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին, որից հետո Աթենքը չի կարողանա 7.2 մլրդ եվրո վարկ ստանալ, որն անհրաժեշտ է երկրի պարտքերը մարելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել