Տեքստը կարդացի ու կորցրեցի։ Աուդիտի խմբում քաղաքացիական հասարակությունից մասնագետներ էլ պիտի՞ լինեին։ Ճի՞շտ եմ հիշում կարդացածս։ Եթե այո, լավ կլինի հիմիկվանից գտնել անաչառներին, ում երիտասարդները կվստահեն։ Նույնիսկ եթե համաձայն չեք աուդիտին, ավելի լավ է անհամաձայնությանը զուգահեռ մասնակցել, որ ուրիշը չմասնակցի։

Եկեք օրինակի վրա ցույց տամ, թե ինչ է աուդիտը։ Օրինակ՝ շահերի բախումը։
Ահա, բացում եմ ծախսերը, ճիշտ է՝ ՀԾԿՀ-ն տան ու տարածքի վարձակալությունը հիմնականում չի ընդունել, բայց մի քանի հատ ընդունել է։ Ընդունածների մեջ բավական մեծ թիվ է կազմում Էներգաչափ ՓԲԸ-ից մոտ 3200 քմ վարձակալելը՝ 73 միլիոն դրամով։ Հաշվի առնելով տարածքի մեծությունը՝ ենթադրում եմ պետքական ու ՀԷՑ-ի կողմից օգտագործվող տարածք է։ Սա կարելի է հեշտ ստուգել։ Բայց ՀԷՑ-ն ու Էներգաչափը փոխադարձ կապակցված են, Էներգաչափը ստուգում է հոսանքի հաշվիչները, այո-այո, մեր բնակարաններում ու տներում տեղադրված հաշվիչների անաչառ աշխատանքի պատասխանատուն նրանք են, պիտի պաշտպանեն մեր շահը ՀԷՑ-ից, ՀԷՑ-ինը մերինից։ ՀԷՑ-ը նրանց հիմնական գործընկերն ու հաճախորդն է։ Սա համարվում է ռիսկային գործարք, ազդում է անաչառության վրա ու լրացուցիչ կախվածություն է ստեղծում։ Այն պիտի չեղյալ համարվի, ու նոր տարածք պիտի ՀԷՑ-ը գտնի։
Աուդիտը շահերի բախումից պիտի ստուգի նաև այս գործարքի իրականացման մեխանիզմները. տենդեր եղել է, թե՝ ոչ, տենդերում շահերի բախման դրույթ եղել է, թե՝ ոչ և այլն։
Բայց սա դեռ պատմության կեսն է։ Եթե այդ ահռելի տարածքը ՀԷՑ-ին պետք է, այդ ինչպե՞ս եղավ, որ այն հայտնվեց Էներգաչափ ՓԲԸ-ի բալանսում։ Այո-այո, հենց այսպես էլ անում եմ հարցադրումս, քանի որ Էներգաչափը եղել է պետական ու սեփականաշնորհվել է 2003 թվականին։ Ու այստեղ կոռուպցիայի գնահատման նոր թեմա է բացվում՝ սեփականաշնորհումը (սրա պոչն էլ չենք բռնի), ովքեր են տերերը, արդյոք կա կապ տերերի ու ՀԾԿՀ-ի անդամների միջև, ինչ չափանիշներով են վերջիններս այս մի վարձակալությունը թույլատրել և այլն։
Հարցերն ավելի շատ են, այս մի գործարքը կծիկով կարող է գնալ, հասնել եսիմ ուր։ Կոռուպցիան բարդ բան է, բայց դրա դեմ պետք է պայքարել։ Միայն սակագնի որոշումը չեղարկելով՝ թալանի հարցերը չեն լուծվի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել