Ռուսաստանը պնդում է, որ մայդան է, հայերը հակադարձում են՝ «մայդան չէ»։ Ի վերջո, ի՞նչ է «ՄԱՅԴԱՆԸ», որից կարելի է վախենալ։ Մայդան նշանակում է հրապարակ։ Այդ հրապարակն իրականում կոչվում է ՄԱՅԴԱՆ ՆԵԶԱԼԵԺՆԸՍՏԻ, այսինքն՝ Անկախության հրապարակ։ Նրանք սկսեցին իրենց անկախության պայքարը հենց այդ հրապարակից։ Ուկրաինացու համար մայդանը սրբավայր է։ Այնտեղ են կատարվել միշտ բոլոր կարևորագույն և ճակատագրական քաղաքական իրադարձությունները, այնպես, ինչպես մեզ մոտ Ազատության հրապարակն է։ Ռուսաստանն ատում է ՄԱՅԴԱՆԸ, և դա հասկանալի է, քանի որ այդ մայդանում նա կորցրեց իր վերահսկողությունն Ուկրաինայի նկատմամբ։ Հիմա գանք Հայաստան։ Ինչո՞ւ են Ռուսաստանից հնչում սպառնալիքներ կամ, մեղմ ասած, մտահոգություններ, որ Հայաստանում սկսվում է «մայդան»։ Որովհետև Ռուսաստանը վախենում է, որ արդյունքում նա կկորցնի իր վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ։ Ռուսաստանին կարելի է հասկանալ, քանի որ այն գերտերություն է և ունի կայսերապաշտական նկրտումներ։ Բայց հասկանալի չէ այն հայ մարդկանց դիրքը, որոնք այդ բառը լսելիս խուճապահար վրա են տալիս, որ «Չէ, չէ, սա մայդան չէ, հանկարծ չմտածեք, որ սա մայդան է» ու դրանով ցանկանում են հավատարմություն ցուցաբերել Ռուսաստանին։ Հավատարմություն ցուցաբերելով Ռուսաստանին՝ անհավատարմություն է ցուցաբերվում ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ հանդեպ։ Ի՞նչ է, մենք չե՞նք ուզում լինել անկախ ու ազատ։ ՄԱՅԴԱՆ Ա—ՄԱՅԴԱՆ ՉԻ հարցին միայն մեկ պատասխան պետք է լինի, որ հայը տա, այն է` «մենք մայդան չենք ուզում միայն նրա համար, որ այնտեղ զոհեր եղան»։ Իսկ «մայդանի» նպատակն ազգային-ազատագրական պայքարն էր, որի ուղին և ընտրությունն ուկրաինացիներինն է։ ԴՈՒՔ ԷԼ ՁԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԵՑԵՔ ԱՆԱԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ, ՀԱՅԵ՛Ր։ Թե՞ անկախություն մեզ պետք չէ, ու ԳԱՂՈՒԹ լինելն ավելի հաճելի է։ ԲԱ ԷԼ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԳՈՌՈՒՄ՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՀԱ–ՅԱՍ–ՏԱՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել