Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ՀՀԿ ԳՄ նիստ, որտեղ նա ելույթով է հանդես գալու՝ հասկանալի է, թե ինչ թեմայի շուրջ։ Ելույթը բախտորոշ է լինելու ու ոչ միայն ընդվզման այս ալիքի հետագա զարգացման առումով, այլ ամբողջ ազգի ու պետության համար։

Եթե նախագահն իր ելույթում հայտարարի, որ ժողովրդի պահանջները կկատարվեն, ապա դա ոչ միայն որակական նոր քայլ կլինի իշխանությունների ու անձամբ Սարգսյանի կողմից, դա կարող է դառնալ նոր սկիզբ Հայաստանի երրորդ հանրապետության համար, որովհետև այդ կերպ, Սերժ Սարգսյանը կանի ան, ինչ մինչ այժմ չի արել ոչ մի նախագահ ՀՀ-ում՝ կընդառաջի ժողովրդին, այլ ոչ թե կտրվի իշխանական վերնախավի ճնշումներին, ինչպես դա եղավ Տեր-Պետրոսյանի պարագայում, կամ էլ թքած կունենա ամեն ինչի ու ամեն բանի վրա՝ ինչպես դա Քոչարյանի պարագայում էր։

Դատելով տեղեկատվական դաշտում առկա արտահոսքերից ու տեղեկատվության բեկորներից, Երևանում սկսած պրոցեսսն իրոք լուրջ անհանգստություն է առաջացրել ռուսկաան իշխանությունների մոտ ու նրանք քայլեր են ձեռնարկել, որպեսզի առնվազն հասկանան այս պատմության խճճված կծիկը որտեղ է սկսվում ու որտեղ է ավարտվում։ Ասեմ ավելին, իմ մոտ տպավորություն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների միջև ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի իրավիճակը շարունակի անկայունանալ, իսկ դրա միակ արդյունավետ միջոցը՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման կասեցումն ու չէղարկումն է։ Թե ինչ է սպասվում ՀԷՑ-ին ու էներգետիկ պարագային այդ պարագայում պարզ չէ, բայց կարծում եմ խնդրին ինչ որ լուծում կտրվի։

Ամեն դեպքում, ես լավատեսորեն եմ տրամադրված ու կարծում եմ, որ այսօր լսենք այն, ինչ բոլորս սպասում ենք արդեն 5 օր է։ Կա հավանականություն, որ ինչ որ անհասկանալի կիսալուծումների ճանապարհով էլ կփորձեն գնալ, սակայն վստահ եմ, որ դրանք չեն աշխատի ու վստահ եմ, որ դա գիտակցում են նաև նախագահականում։

Ուստի մնում է խաչենք մատներս ու սրտատրոփ սպասենք, թե ինչ կխոսա նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել