Tert.am-ը գրում է.

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների և ակտիվիստների՝ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ բանակցություններ իրականացնելու հավանականությանը, ասաց, որ ընդհանրապես բանակցությունները միշտ էլ դրական գործընթացներ են քաղաքական բարդ իրավիճակը հանգուցալուծելու համար, սակայն ոչ Հայաստանի դեպքում, որովհետև այստեղ բանակցելու առարկա չկա։

Նա պարզաբանեց, որ իշխանությունները հստակ ասում են, որ հոսանքի գինը չի իջեցվելու, իսկ ակտիվիստները դեմ են բարձրացնելուն, այսինքն` թեմա չկա բանակցելու։ Բացի այդ նա նկատեց, որ բանակցությունների փորձ Հայաստանում եղել է։

Հարցին, թե եթե ոչ բանակցությունների ճանապարհով, ապա այս ամենը ինչպես կհանգուցալուծվի, նա պատասխանեց.«Դժվար է պատասխանել, քանի որ սա ընդամենը քաղաքական պրոյեկտ է, և սոցիալական բունտ չէ, որն ունի ղեկավարող ձեռքը, որը սակայն  բնականաբար այն ակտիվիստները չեն, որոնք փակել են Բաղրամյան փողոցը։ Թե ինչպես քաղաքական պրոյեկտի իրականացնողները լեզու կգտնեն իշխանությունների հետ, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ, դրանից էլ կարող է հանգուցալուծում լինել»։

Նա նաև կոչ արեց չմոռանալ, որ այս գործընթացը սկսվեց, երբ Որոտանի ՀԷԿ համալիրն ամերիկյան կողմին վաճառվեց, իսկ ՀԷՑ-ը գտնվում է ռուսական ընկերության ձեռքերին։ «Այսինքն՝ այստեղ շահերի բախում է լինելու»,-ասաց նա և նշեց, որ բանակցություններն այդ չերևացող կողմում պետք  է լինեն։

Արմեն Բադալյանը չնայած դրան՝ կարծում է, որ ակցիայի մասնակիցներն իրոք հավաքվել և պայքարում են հոսանքի բարձրացման դեմ, և ոչ մի կասկած չկա նրանց պայքարի ազնվության վրա։ «Պարզապես այդ հարցը միայն չի վերաբերում իշխանությանը և նախաձեռնող խմբին, նրանք փոխհարաբերությունների առարկա չեն, այստեղ կա այլ շահագրգիռ կողմ, որից մեկը Ռուսաստանն է»,- ասաց նա։

Քաղաքագետը նկատեց, որ երբ նախկինում միշտ նման ցույցեր էին տեղի ունենում, իշխանությունները միշտ նշում էին, թե դա օգտագործում է Ադրբեջանը՝ սահմանին լարվածություն առաջացնելու համար, իսկ հիմա այդ քարոզչությունը չի աշխատում, ինչը նշանակում է, որ իշխանությունները հրահանգել են այդ քարոզչությունը չիրականացնել, ինչը նույնպես հուշում է, որ դա ոչ թե ինքնաբուխ սոցիալական բունտ է, այլ մշակված քաղաքական պրոյեկտ է։

Նա նկատեց, որ ակցիզային հարկի մասին օրենքի փոփոխությունը ևս մեծ հարված կհասցնի տնտեսության որոշ ճյուղերին, սակայն դրա դեմ այդ ակտիվ զանգվածը չի բողոքում։

«Նախաձեռնող խումբը Ազատության հրապարակում երեք օր նստացույց անելուց հետո նշեց, որ ժամկետը լրանալուց հետո պահանջելու են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Չգիտես ինչու այդ հրաժարականը շատ սահուն ձևով դուրս եկավ նրանց օրակարգից և նրանց օրակարգը փոխարինվեց ՀԷՑ-ի սեփականաշնորհման հետ կապված խնդրով»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել