Tert.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Շահե վարդապետ Անանյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Տ. Շահե վարդապետ Անանյան (կենսագրական)

Տ. Շահե վարդապետ Անանյանը (ավազանի անունը` Արտյոմ) ծնվել է 1982 թ. հոկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում:

1989-1999 թթ. սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1999-2005 թթ. ուսանել և ավարտել է Սեւանի Վազգենյան հոգևոր դպրանոցը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը:

2005 թ. պաշտպանել է ավարտաճառ` «Անդեմ նախադասությունները չորս Ավետարաններում (գրաբար և հունարեն բնագրեր)»:

2004 թ. դեկտեմբերի 26-ին` Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին, ձեռամբ Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի, ձեռնադրվել է սարկավագ, իսկ 2005 թ. սեպտեմբերի 25-ին` Վարագա Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Գերաշնորհ Տ. Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա:

2005-2006 թթ. պաշտոնավարել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կաթողիկոսարանում` որպես Վեհափառ Հայրապետի գավազանակիր-գործավար:

2006-2009 թթ. ուսանել է Փարիզի Կաթոլիկ համալսարանում և Սորբոնի համալսարանի Հին արևելյան լեզուների և մշակույթի բարձրագույն դպրոցում:

2009 թ. հունիսին Փարիզում, աստվածաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի համար, պաշտպանել է  «Անձնավորված իմաստությունը Առակաց Ը.-ում ըստ հայ միջնադարյան մատենագրության տվյալների. կանոնական ընթերցման մի փորձ» խորագրով ատենախոսություն:

2009 թ. հուլիսին նշանակվել է նախ «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, ապա` 2012 թ. նշանակվել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Պաշտոնական մամուլի բաժնի տնօրեն:

2013 թ. հունիսին ստանձնել է նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրենի պաշտոնը:

2014 թ. պաշտպանել է վարդապետական ատենախոսություն` «Անձնավորված իմաստության գաղափարի առաջացումն ու զարգացումն ըստ Առակաց Ա.-Թ.-ի» խորագրով, և ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արք. Հովհաննիսյանի, ստացել մասնավոր վարդապետական աստիճան:

2014 թ. մարտից ուսանում է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրայում (փիլիսոփայության և սոցիալական հոգեբանության ֆակուլտետ)` փիլիսոփայության պատմության մասնագիտացմամբ:

Հեղինակ է հայերեն և օտար լեզուներով չորս գիրք-մենագրության, չորս տասնյակից ավելի գիտական ու հրապարակախոսական հոդվածների:

2006 թ.-ին մասնակցել է Բրազիլիայի Պորտու Ալեգրե քաղաքում գումարված` Եկեղեցական համաշխարհային խորհրդի հերթական գլխավոր ասամբլեային:

2010 թ. անդամակցել է ԵՀԽ «Հավատք և կարգ» հանձնախմբին, իսկ 2014 թ.-ից անդամ է Անգլիկան և Արեւելյան Ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև Կաթոլիկ և Արևելյան Ուղղափառ եկեղեցիների` միջեկեղեցական երկխոսության նպատակով ստեղծված միջազգային աստվածաբանական հանձնախմբերի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել