Tert.am-ը գրում է.

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյան ներկայացրեց Հայաստանում թմրամոլների վիճակագրությունը՝ նշելով, որ ՀՀ-ում գրանցված թմրամոլների թիվը տարեցտարի աճում է՝ գրանցված է 5357 թմրամոլ։

Մասնագետը նշեց, թե ՀՀ-ն միացել է ՄԱԿ-ի կողմից ընդունված պայքարի կոնվենցիաներին և ընդունվել է հատուկ ռազմավարություն, որն ընդգրկում է գրեթե բոլոր գերատեսչությունները: Չնայած դրան, Պետրոս Սեմերջյանը նշեց, թե ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհում թմրամոլների թիվն աճում է: Ըստ նրա, աշխարհում 185 մլն մարդ թմրամոլ է, որը կազմում է բնակչության  3%-ին: 

«2011-14թ-ը վիճակագրությունըցույց է տալիս, որ ամեն տարի աճում է Առողջապահության նախարարության նարկոլոգիական բուժհաստատություններում գրանցված թմրամոլների թիվը: 2012 հունվարի 1-ի դրությամբ հաշվառված էր 3 893 թմրամոլ, 2013թ. հունվարին՝  4428, 2014թ.՝ 4922, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցվել է 5 357 թմրամոլ»,-ասաց նա:

Միաժամանակ նա բացատրեց, թե այդ թվի ավելացման հարցում դեր է ունեցել նաև այն, որ նման խնդիրներով բուժհաստատություններ ներկայացողներն արդեն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Պետրոս Սեմերջյանը նշեց, թե Հայաստանի մարզերից ամենից շատ գրանցված թմրամոլների թիվը Երևանում է, կանեփ տեսակի թմրամիջոցների առումով Երևանից հետո Արմավիրի մարզն է, իսկ ափիոն տեսակի թմրամիջոցի օգատգործման առումով Երևանից հետո Շիրակն է:
Բացի գրանցված թմրամոլների թվից, ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, Հայաստանում կա 30 000 թմրամոլ, որից 12 700 ներերակային ճանապարհով են օգտագործում, որն առավել վտանգավոր է և՛ առողջապահական, և՛ իրավական, և՛ սոցիալական խնդիր է առաջացնում:

«Ափիոնային թմրամոլների թիվը 2 132-ն են, որոնցից 45-ը կին, կանեփից պատրաստված թմրամիջոցների թիվը 3 223 հոգի են, որոնցից 39–ը կին, կոկային՝ 2 հոգի, այլ տիպի Հայաստանում չկան, կամ եթե կան՝ հազվադեպ»,-ասաց նա:

Մասնագետը նշեց, որ բուժել միշտ հնարավոր է, ուղղակի փուլ կա, որ բուժումն արդեն անարդյունավետ է դառնում: «Բազմաթիվ բուժումներ կան, որ չեն ազդում»,-ասաց նա և նշեց, որ ներդրվել է այլ միջոց՝ պետությունն անվճար տրամադրում է մետադոն թմրամիջոց, փողոցային միջոցները փոխարինելու և վիճակը վերահսկելու համար։ Դրանով, ըստ մասնագետի, պետությունը ոչ միայն վերահսկում է ապօրինի շրջանառությունը, այլ նաև կարգավորում և վերահսկում է առողջապահական վիճակները, ինչը հանգեցնում է առաջարկի կրճատման, պահանջարկի կրճատման և վնասի նվազեցման։

Հարցին, թե մահացության դեպքեր գրանցվել են, նա նշեց,որ դրանք որպես այդպիսին չեն գրանցվում որպես թմրամիջոցի մահացություն, այլ սրտի կանգ և այլն: «Մահացության դեպքերը որպես այդպիսին չեն գրանցվել՝ ոչ մի հատ, որովհետև գերդոզավորման պատճառով մահանում է, մահն արձանագրվում է տարբեր պատճառներով, սրտի կանգ, և այլն, ոչ թե թմրամիջոցի օգտագործումից»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել