Իշխանությունները կամ չեն տեսնում ու զգում, կամ չեն ուզում հասկանալ, որ այս շարժմանը պետք է լուրջ վերաբերվել: Նրանց համար անսովոր է, որ սեփական հաճախորդների ու փտած քաղաքագետների միջոցով չկարողացան բարոյազրկել այս լուսավոր միասնությունը: Այս ամենը վաղ թե ուշ լինելու էր, որովհետև կիսագրագետների ու բորբոսնածների ստոր քաղաքականությանը մի օր հակադրվելու էր թարմ ուղեղներով երիտասարդների միասնական ուժը: Հեռահար պրովոկատորներ ու սադրողներ փնտրելու փոխարեն, նրանք պիտի գիտակցեն, որ այս պահին իրենց կողմից հնչեցրած ցանկացած միտք գլոբալ սադրանքի հիմք կարող են հանդիսանալ: Այսօր իշխանական թևի ներկայացուցիչների հայտարարությունները առ այն, որ հանձնաժողովի որոշումը կմնա անփոփոխ, բայց անապահով ընտանիքների նպաստի գումարը կավելացվի` վկայում են այն մասին, որ նրանք ուղղակի չեն հասկանում, թե ինչ ուժ է կանգնած իրենց առաջ: Տոտալ դանդաղկոտությունն ու ապաշնորհ որոշումներ կայացնելու սովորույթը չի լքում քաղաքականության մեջ իներցիայով հայտնվածներին: Մեծ հաշվով անգամ 6,93 դրամի հարցը կարգավորելու համար անզոր իշխանությունը բացահայտ ցույց է տալիս իր անաշխատունակությունը: 

Իշխանությունը, որի իշխանավորման տարիներին որևէ դրական առաջընթաց չի արձանագրվում, անկարող է լուծել նաև խաղաղ ցուցարարների արդար ընդվզման պատճառ դարձած և նկարված փաստերի վրա հիմնված հոսանքի թանկացման խնդիրը:
Այստեղ առաջանում մի հռետորական հարց. իսկ գուցե ձեր կամովին հեռանալու ժամանա՞կն է: Չէ՞ որ, եթե ձեր իշխանավորման ընթացքում դուք երկրաչափական պրոգրեսիայով հարստանում եք, իսկ ժողովուրդը միայն տնտեսական, սոցիալական և հոգեբանական հարվածներ է կրում, ուրեմն դուք այս ժողովրդի իշխանությունը չեք: Դուք ձեր ու ձեզ սպասարկող մանկլավիկների իշխանությունն եք միայն: Շատ ավելի լավ կլինի, որ ձեզ փոխարինեն նրանք, ովքեր թույլ չեն տա այս կարգի խայտառակ կառավարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել