picture-4116Այն ինչ վերջին ամիսներին տեղի է ունենում Հայաստանի քաղաքական վերնախավում, հավակնում է հետագայում պատմության մեջ՝ վերնագրվել Երրորդ Հանրապետության առաջին բաժանում՝ նմանությամբ առաջին հազարամյակում Հայաստանի հետ տեղի ունեցած իրադարձությունների:

Ընթացիկ պատմությունը սկիզբ է առնում 2006 թվականից, երբ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսի շղարշի տակ իշխանության հասած Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ստեղծումը, իսկ Քոչարյանի նախընտրական շտաբի պետ, տխրահռչակ Սերժ Սարգսյանը իր տակ մտցրեց Հանրապետական կուսակցությունը, որն իշխանական կարգավիճակ էր ստացել 1999 թվականին, Վազգեն Սարգսյանի առաջնորդության պայմաններում:

 Գաղափարն ի սկզբանե պարզ էր. Սերժ Սարգսյանի հիմնական առաքելությունն էր հսկողության տակ վերցնել հոկտեմբերի 27-ին զոհված Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի քաղաքական, վարչական հենարանը հանդիսացած մարդկանց: Քոչարյանն ու Սարգսյանը հասկանում էին, որ այստեղ կենտրոնացած է հսկայական ներուժ, որ կարող է էական գործոն լինել, մանավանդ որ՝ դեռ շարունակում է ազդեցիկ լծակների տիրապետել:

Այնուամենայնիվ, այդ ներուժին կամ նրա մի հատվածին տիրապետելը դեռեւս ոչինչ չէր նշանակում, որովհետեւ որքան էլ ուժեղ եւ լայնամասշտաբ լիներ Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն, այն չէր կարող ներառել բոլորին, եւ կնշանակի՝ քոչարյանասերժական համակարգի հսկողությունից դուրս էր մնում քաղաքական դաշտի հսկայական մասը, որը ճիշտ է մոնոլիտ չէր, բայց զբաղեցնում էր համարժեք մի մակերես, այսինքն՝ միավորվելու, մոնոլիտվելու դեպքում, ինչը տեսականորեն բացառված չէր, կարող էր հակակշռել Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի հենարանը հանդիսացող ՀՀԿ-ին, ասել է, թե իրական վտանգ էր պարունակում գործող համակարգի համար:

«Բարգավաճ Հայաստանի» խնդիրն էր, ահա, դուրս մղել կամ սեփական տանիքի տակ հավաքել մնացած բոլորին, այս է պատճառը, որ ստեղծման օրից ԲՀԿ-ն լիազորված է եղել բանակցել բացարձակապես բոլորի հետ, նույնիսկ նրանց, ովքեր համարվել են Քոչարյան-Սարգսյան զույգի ատելին: Այսպիսով, փորձ է արվել լուծել շատ պրագմատիկ խնդիր. քաղաքական ողջ դաշտը դնել երկու՝ ծագումով արյունակից եւ եղբայրական սուբյեկտների հսկողության տակ, որպեսզի այդ դաշտում ուրիշ էական խաղացողներ չլինեն: Սա ըստ էության միակ երաշխիքն է, որ Քոչարյան-Սարգսյան զույգին հնարավորություն կտա խուսափել իշխանավարության ընթացքում թույլ տված հանցագործությունների պատասխանատվությունից եւ տեսանելի ապագայում բացառել իրենց համար օտար իշխանության ձեւավորումը Հայաստանում: Նման համակարգի ձեւավորման անհրաժեշտությունը Ռ. Քոչարյան-Ս. Սարգսյան զույգի համար ակնհայտ էր դարձել Հայաստանում իշխանավարելու առաջին տասը տարիների ընթացքում:

Երբ Քոչարյանը 1997-ին վարչապետ նշանակվեց եւ 1998-ին զավթեց նախագահական նստավայրը, հայտարարեց, թե Ղարաբաղի օրինակով պատրաստվում է ազգային միասնության մոդել հաստատել Հայաստանում, երբ ժողովուրդը, ռազմական իրավիճակից թելադրված, ըստ էության խուսափում է, զերծ է մնում իշխանությանը հակադրվելուց: Այս է պատճառը, որ Քոչարյանն ընտրեց «Իմ կուսակցությունը ժողովուրդն է» կարգախոսը՝ «Կազմակերպված պետության» գաղափարական տանիքի ներքո: Նա պատրաստվում էր սեփական կուսակցության, այսինքն՝ ժողովրդի շրջանում կուսակցական կարգապահություն սահմանել:

Ու քանի որ երկար տարիներ եղել էր Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության ֆունկցիոներ, հասկանալի է, թե այդ որ կուսակցության կանոններով էր պատրաստվում դա անել: «Քոչարյանի կուսակցությունը», սակայն, չկայացավ, որովհետեւ պոտենցիալ կուսակցականները 2003 թվականին «դավադրաբար» Հանրապետութան նախագահ ընտրեցին Ստեփան Դեմիրճյանին:

Այստեղ ահա, Քոչարյանին օգնության հասավ ղարաբաղյան քաղաքական մոդելի մեկ այլ դերակատար՝ կեղծ ընդդիմությունը, առանց որի որեւէ բան չէր կարող խանգարել Ստեփան Դեմիրճյանի պաշտոնամուտին՝ որպես նախագահ: 2003-2008թթ. իրադարձությունները, սակայն, ի սպառ մաշեցրին կեղծ ընդդիմության ինստիտուտը, եւ այդպիսիների գործունեությունը դարձավ ոչ միայն անարդյունավետ, այլեւ վտանգավոր՝ հենց նույն համակարգի համար: Ավելին, 2008 թվականի իրադարձություններից հետո դաշտում հայտնված Հայ ազգային կոնգրեսի գործունեությամբ գրեթե զրոյացվեց կեղծ ընդդիմության գործունեության դաշտը:

Հոկտեմբերի 27-ի հետեւանք վարչախումբն ահա, 2008թ. Մարտի 1-ից հետո սարսափով սկսեց գիտակցել, որ չի տիրապետում քաղաքական դաշտի հսկիչ փաթեթին, եւ հատկապես կեղծ ընդդիմության դե ֆակտո ոչնչացման ու Հայ ազգային Կոնգրեսի գործունեության պայմաններում քաղաքական դաշտում բավարար տարածություն կա ավազակապետական համակարգի համար մահացու նորագոյացության (այս բառն եմ օգտագործում իրավիճակի նկատմամբ նրանց մտահոգվածությունը ճիշտ բնութագրելու նպատակով) ձեւավորման համար:

Այն ժամանակ, ահա, երբ սկսեցին ի հայտ գալ նշաններ, որ Սերժ Սարգսյանը կձգի մինչեւ 2013թ. նախագահական ընտրություններ եւ արտահերթ ընտրություններ, այսինքն՝ փլուզումներ չեն լինի, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի իշխանությանն ուղղված քննադատական հայտարարություններով ազդարարեց քաղաքական դաշտը սեփականաշնորհելու վերջնական փուլի մեկնարկը:

Մեկնարկած պրոցեսի իմաստը մեկն էր. դրա արդյունքներով քաղաքական դաշտի 90 եւ ավելի տոկոսը պետք է ներկված լինի ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի գույներով, քաղաքական դաշտի 90 տոկոսը պետք է լինի ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի հսկողության ներքո: Համամասնություններն էական չեն, էականը քաղաքական դաշտում այլ գույների բացակայությունն է, կամ այն, որ նրանց մասնաբաբաժինը չանցնի տասը տոկոսից:

գաղափարական տարանջատում
Այսպիսի ծրագիրը, սակայն, հնարավոր չէ իրագործել առանց գաղափարական կոմպոնենտի, որովհետեւ միայն գաղափարական կոմպոնենտով է հնարավոր ստեղծել երկու բեւեռ, որոնց շուրջ կամ մերձակայքում կտեղավորվեն մնացածը: Որպեսզի ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դառնան քաղաքական դաշտի «երկու անհասանելի գագաթներ», որոնք ստվերեն մնացած բոլոր քաղաքական սուբյեկտներին, եւ թույլ չտան նրանց «աճը», հարկավոր է որ նրանք ունենան գաղափարական ամուր հենք, որ իրենց վրա կպահի գագաթներին, կատարելով ատլանտի կամ ստորոտի դերակատարում:

Քաղաքականության մեջ ընդունված է, հենց գաղափարներն են դառնում այն առանցքները, որոնց շուրջ երբեմն ակամա, սկսում են պտտվել այլ քաղաքական ուժեր: Եւ ուրեմն, դաշտն ամբողջությամբ տիրապետելու համար ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն պետք է ունենան հստակ գաղափարական հակադրություն, հակադրվող գաղափարները պետք է լինեն համընդգրկուն, պարզ եւ մատչելի, դրանց հակադրությունը պետք է լինի ակնհայտ:

Արդեն բավական երկար Սարգսյան-Քոչարյան զույգը փնտրում է այդ հակադրությունը: Տեւական ժամանակ դա փորձ արվեց կառուցել ռուսամետ-արեւմտամետ հակադրության վրա, իբր ՀՀԿ-ն եւ իր առաջնորդը արեւմտամետ են, ԲՀԿ-ն ու իր առաջնորդը ռուսամետ: Մի պահ թվում էր, թե այս հակադրությունը սկսեց աշխատել, բայց ի վերջո մնաց էլիտար նշանակության, որովհետեւ լայն զանգվածներին այնքան էլ հասկանալի չէ, թե ինչի մասին է խոսքը եւ ինչում է հակադրությունը: Բացի դա՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի կնքահայր, իշխանությունը բռնազավթած Սերժ Սարգսյանը չի կարող խաղալ արեւմտամետի համոզիչ դեր: Ֆալշը զգացվում է:

Եւ ուրեմն, գաղափարական հակադրության բացակայությունը Երրորդ հանրապետության առաջին բաժանման կարեւորագույն խոչընդոտներից էր: Ավազակապետությունը, սակայն, կարծես թե գտել է լուծում: Խոսքն, իհարկե, ԲՀԿ-ի վերջին առաջարկության մասին է՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու վերաբերյալ: Բոլորս, կարծես, տրվում ենք այս առաջարկությունը քննարկելու գայթակղությանը, չնկատելով սակայն, ամենագլխավորը: Մենք գործ ունենք բավական նուրբ մի տրյուկի հետ. ՀՀԿ-ն նախագահական կառավարման կողմնակից է, ԲՀԿ-ն, ինչպես պարզվում է, խորհրդարանական:

Ու եթե մեզնից որեւէ մեկը կողմ է արտահայտվում նախագահական համակարգին, ակամա կողմ է արտահայտվում ՀՀԿ-ի դիրքորոշմանը, եթե որեւէ մեկը կողմ է արտահայտվում խորհրդարանական համակարգին, կողմ է արտահայտվում ԲՀԿ դիրքորոշմանը: Այսպիսով, բանավեճի յուրաքանչյուր մասնակից ինքն իր համար աննկատ, ակամա հայտնվում է ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի գաղափարական հետեւորդի դերում: Եթե մերժում ես խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը, հայտնվում ես ՀՀԿ-ի հետեւորդի դերում, որովհետեւ հենց նա է նախագահական համակարգը պաշտպանող դոմինանտ ուժը, եթե պաշտպանում ես խորհրդարանական համակարգի անցնելու գաղափարը, հայտնվում ես ԲՀԿ-ի հետեւորդի դերում, որովհետեւ հենց նա է խորհրդարանական համակարգի ջատագով դոմինանտ ուժը:

Հենց սրանում է տեղի ունեցող գործընթացի քաղաքագիտական իմաստը, երբ նետված է խայծ՝ քաղաքական ողջ դաշտը ՀՀԿ-ականների եւ ԲՀԿ-ականների բաժանելու համար, որի գլոբալ նպատակը քաղաքացիներին պրոցեսներից դուրս թողնելն է: Նման պայմաններում կարելի է նույնիսկ «ազատ, արդար, թափանցիկ» ընտրություններ կազմակերպել, որովհետեւ երկու բեւեռից ում էլ ընտրես, արդյունքում կընտրվի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հիմնադրած կոալիցիան, որը անընդհատ եւ ինքնաբերաբար կվերարտադրվի առանց որեւէ դժվարության:

Հայաստանյան քաղաքական օրակարգի իմ պատկերացրած խնդիրն, ըստ այդմ, Երրորդ հանրապետության բաժանումը թույլ չտալն է, այնպիսի իրավիճակի զարգացումը, երբ կձեւավորվի ժողովրդական բեւեռ, որը առմիշտ կգտնվի Հայաստանյան քաղաքական դաշտի, կառավարման համակարգի գագաթին եւ քաղաքական խաղացողներն ընդամենը հող կլինեն նրա ոտքերի տակ: Մինչեւ օրս հակառակն է եղել, եւ ՀՀԿ-ԲՀԿ պրոցեսների իմաստը ստատուս քվոյի հավերժացումն է, կամ ապահովագրումը՝ 20, 30, 50 տարով:

Հ.Գ. Գիտեմ, որ բանավեճերի առարկա է Ռ. Քոչարյանի դերակատարումը այս պրոցեսում: Վերը շարադրվածի համատեքստում, սակայն, Քոչարյանի անձնական դերակատարումը էական չէ, էականը գործարկվող սցենարն է: Իսկ սցենարի մեջ «Ռոբերտ Քոչարյան» կարող է խաղալ ցանկացած ոք: Կաստինգին մասնակցածների թվից, իհարկե: Գրվածից ամենեւին չի բխում, թե պայմանական կոալիցիայի ներսում չի կարող լինել հակադրություն, պայքար, նույնիսկ թշնամանք: Այդ պայքարը, սակայն, քաղաքական դաշտի 90 տոկոսանոց հատվածի բաժնեմասերի համար է, թե ՀՀԿ-ԲՀԿ-ից ով կունենա 50 տոկոսը եւ ով մնացած 40-ը: Այս պայքարից եւ դրա ելքից, սակայն, ստատուս քվոն չի փոխվում, որովհետեւ 90 տոկոսը շարունակում է մնալ ՀՀԿ-ԲՀԿ գույնի: Ինչ համամասնությամբ՝ էական չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել