Միջազգային լրատվամիջոցների արձագանքն ու շեշտադրումները Երևանում ծավալվող բողոքի ցույցերին պարզապես զզվանք են առաջացնում։ Ընդ որում, հավասարապես զզվելի են աշխատում ինչպես ռուսական ԶԼՄ-ները, այնպես էլ արևմտյան ու ուկրաինական ԶԼՄ-ները։ Ռուսները համառորեն ուզում են ապացուցել, որ սա Պետդեպի ու ԿՀՎ-ի խաղերն են, իսկ ամերիկյան, եվրոպական ու ուկրաինական ԶԼՄ-ները համառորեն շարունակում են այն գիծը, որ սա հակառուսական ընդվզում է ու հայաստանյան Մայդան։

Մինչդեռ, բոլորս էլ արդեն հստակ հասկանում ենք, որ սա ո՛չ Մայդան է, թեև այնտեղ, անկասկած, կան մարդիկ, ովքեր կցանկանային, որ դա այդպես լիներ, ոչ Պետդեպի կազմակերպածն է, թեև չի բացառվում, որ իրենց էմիսարներն արդեն գործում են ցուցարարների շարքերում, ոչ էլ հակառուսական ընդվզում է, թեև բողոքի ալիքը բարձրացել է այդ թվում նաև ռուսական կապիտալի անհագ ագահության պատճառով։

Իրականում թե՛ մի կողմը, թե՛ մյուս կողմը թքած ունեն իրականության վրա ու այս ամենը փորձում են կիրառել գնալով ավելի ինտենսիվացող տեղեկատվական պատերազմի համատեքստում, ու մեծ հաշվով թե՛ ռուսաստանյան ԶԼՄ-ները, թե՛ ամերիկյանները թքած ունեն թե՛ խնդրո առարկայի վրա, թե՛ հայաստանցիների խնդիրների։ Նրանք սա դիտարկում են պարզապես տեղեկատվական հերթական առիթ, որը կարելի է օգտագործել հակառակորդին սևացնելու ու դեմոնիզացնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել