Մարմնի հոգնելը երանություն-խոնջություն է հոգու հոգնելու համեմատ: Հոգին չի հոգնում, հոգին ուղղակի կուչ է գալիս, ծվարում ինքն իր…արգանդում: Հետո վախենում է լույս աշխարհ ելնել: Վախենում է ինքն իրեն առերեսվելուց, ընկրկելը խոստովանելու անխուսափելիությունից… Թերացումի եզրերը գոնե գտնելու անպատասխան հարցերի տարափին չդիմանալով՝ մի…մեղավոր է արագ գտնում՝ ինքն իրեն և դատավճիռ արձակում ինքնամերժումի... Հետո, ինքն իր արածից ամոթահար, փորձում է Մայր Տիեզերք ելնել, բայց պարզվում է, որ ելքի գաղտնագիրը փոխված է: Օգնության … եկած «վազող տողը» հուշում է, որ հոգնելու խոստովանությունը չեղյալ համարի՝ ինքնաօսլայվի, հակառակ պարագայում, զգացողությունները կարող են … իրողություն դառնալ. ամեն բացվող օրվա գոհացումին պիտի հաջորդի կենսունակությունը - այընտրանքը չգոյությունն է… Չէ՞, ամեն ծնունդ չէ, որ նոր օրը սկսում է տաքուկ խանձարուրում կամ մայրիկի հոլանի թևերին… Ասում ենք՝ ի՞նչ կյանք է ապրում մարդը-մի թիթեռի կյանք: Այդ ո՞ր թիթեռի… Նրա՞, որ իննամսյա մայրիկյան կյանքից հետո լույս աշխարհ գալիս ու, տեր իմ Աստված, ինքչա՜ն բան դեռ չի մտապահում. մայրիկի հետ պորտալարից հետո այս աշխարհի առնչությունը կրծքով ընբոշխնելը, իրեն…ինչը, երբ, որտեղ թույլ տալն ու մայրիկի գուրգուրանք-համբույրով ողջը թարմացնելը, մայրիկի քնից փախցրած պատճառ ու անպատճառ լացելն ու էլի բաներ, որ … դեռ նորածնային չիմացությամբ է անում (ի՞բր) -իմացությամբ միայն սովն է աղաղակում, մեկ էլ … իր իսկ «հեղինակած» անհարմարությունները: Էտապներ տարբեր ու տարաբնույթ՝ ատամ հանելուց մինչ ինչը, երբ, որտեղ պատահի բերան տանելն ու դարակների արանքում թաթիկը ցավացնելուց աղեկտուր լացելը: Հետո էլ մանկա կամ … տնապարտեզ ու այսպես … Ժամեր, օր ու տարիներ, կոտորակված կամ ավել-պակաս կես դար… Ու թե նեղություն քաշես ու մի թեթև բազմապատկում անես՝ որքա՜ն ակնթարթներ… Հետո էլ ասում ենք՝ մի թիթեռի կյանք… Ասում ենք, որ արդարացնենք մեր՝ ժամանակի նկատմամբ թափթփվածությունն ու անվերջ, ժամանակի էջում, անկապ սևագրելը կամ «ռոմանտիկ» խզբզելը: Շտապում ենք համեմատել-պատճառաբանել, որ հետո մեր ձախողումներին անուն տաք՝ չհասցրի՜նք, մեր բաժին ունակության ռեսուրսը իներտացնելու մեղքը ժամանակի արագընթաց շլինքին բարդենք, որ անտարբերությունների շղթան էլի ժամանակի բկին փաթաթենք, որ կուշտ քնելուն մատաղած ժամանակից, իր փոխարեն, մենք նեղանանք, որ… Որ ասենք՝ սա կյա՞նք է ու թիթեռի հետ համեմատենք: Թիթեռի՞… Նրա՞, որ իր մեկ օրում այնքա՜ն բան է հասցնում՝ իր թեթև, անմարմին ասես, ճախրով ու աստվածային ընծա գույների մեջ… Ուրեմն հիշենք, որ թիթեռի հետ համեմատությունը հեչ մեր օգտին չէ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել