Ես այդպես էլ մի բան չհասկացա երեկվանից. ինչո՞ւ ցուցարարները հրաժարվեցին նախագահի հետ հանդիպելուց։ Ի վերջո, Բաղրամյան գնալն ամենևին էլ ինքնանպատակ չէր, ու ամենաորոշիչ ձեռքբերումը կարող էր դառնալ հենց հանդիպումը նախագահի հետ։ Ի՞նչ կար կորցնելու այդ հանդիպումից, առավել ևս, որ այնպես չէր, որ այս անգամ Րաֆֆի Աղոթարարն էր, ով գնալու էր ու կոտրվեր։ Այս բողոքի ակցիայի առանձնահատկություններից մեկը հենց նրանում է, որ չկային ակնհայտ լիդերներ, և նույնիսկ եթե նախագահականում այդ 5 հոգուն ահաբեկեին, կաշառեին, համոզեին և այլն, նրանք չէին կարողանա հավաքվածներին ստիպել անել մի բան, որը սկզբունքորեն կհակասեր նախնական նպատակներին։ Վատագույն դեպքում հավաքը կորցնելու էր այդ հինգ հոգու նկատմամբ վստահությունը, բայց չէր գլխատվելու։
Մյուս կողմից, առնվազն հետաքրքիր կլիներ իմանալ նախագահի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ, գուցե այնպես էր ստացվում, որ համաձայնության եզրեր հնարավոր լինել գտնել, կամ էլ եթե անգամ չլիներ, ապա ավելի վատ բան չէր լինելու դրա արդյունքում, քան արդեն եղավ։ Սա ես համարում եմ բաց թողնված լավ հնարավորություն, որովհետև իրոք անմտություն էր նման անխոհեմ կերպով հրաժարվել դիալոգից։ 
Ոնց գցում-բռնում եմ, օգուտից բացի՝ ոչ մի վնաս դա չէր բերելու, պարզապես կազմակերպիչներն այնքան վճռականություն չունեցան ու նաև հմտություն, որպեսզի իրենց վրա ստանձնեն խոսափող ու լսափող լինելու դերը ամենավերին մակարդակով հանդիպման ժամանակ, իսկ հավաքվածներն ավելի շատ տարված էին ամբիցիաներով ու դավադրությունների տեսություններով, քան պրակտիկ լուծում որոնելով։
Հուսով եմ՝ սա հասկացան արդեն ինչպես բոլոր պոտենցիալ ցուցարարները, այնպես էլ նախագահականում, ու հուսով եմ նաև, որ մենք դեռ չենք հասել ոչ անդառնալիության կետին, ոչ էլ ռադիկալ առճակատման աստիճանի, ու, այնուամենայնիվ, հնարավոր կլինի լսել նաև նախագահի դիրքորոշումն ու նրան ներկայացնել մերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել