Այսպիսի մի կարևոր դիտարկում եմ ցանկանում անել՝ շարունակելով մի քանի օր առաջ արծարծածս միտքն այն մասին, որ արդար բողոքի այս ալիքը կարելի է տարատեսակ մանիպուլյացիաների ու տեխնոլոգիաների միջոցով զարգանալ այնպես, որ դա հանգեցնի հայկական Մայդանի։
Շարունակելով զուգահեռներ անցկացնել ուկրաինական Մայդանի հետ՝ ուզում եմ հիշեցնել, որ Մայդանն այնտեղ չէր լինի, եթե հատկապես սկզբնական էտապում բողոքային տրամադրություններ ամեն գնով չհրահրվեին հենց իշխանությունների կողմից ու, մասնավորապես, ոստիկանության ասիմետրիկ գործողությունների ձևով։
Հայաստանն, իհարկե, Ուկրաինա չէ, բայց անհրաժեշտ է հասկանալ, որ եթե ոստիկանությունը չսթափվի ու չգործի այնպես, ինչպես գործում էր ցույցը ցրելու վերջում, եթե ազատ չարձակվեն բերման ենթարկվածները, ու կտրուկ չկասեցվեն բռնությունները լրագրողների հանդեպ, ապա այդ երևույթներին ուղիղ համեմատական աճելու է փողոց դուրս եկողների ու նրանց վճռականության սանդղակը, և արդյունքում բռնությունը բռնություն է ծնելու, և որքան ավելի շատ բռնություն կիրառվի մարդկանց հանդեպ, այնքան կշատանան մարդիկ, ովքեր պատրաստ են ռիսկի գնալու՝ այդ բռնության ենթարկվելու։
Հարգելի՛ ոստիկանություն, դադարեցրեք Հայաստանի տարբեր քաղաքներում մարդկանց բերման ենթարկելը, դադարեցրեք բռնությունները լրագրողների նկատմամբ և ազատ արձակեք բերման ենթարկվածներին։ Այսպես իրավիճակը չի շտկվի, իսկ ճգնաժամն ավելի կխորանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել