Հասկացեք՝ մենք ոչ թե չենք ուզում, այլ էլ ի վիճակի չենք վճարել։
Բիբինից սկսած, Ռոբերտ Նազարյանով վերջացրած՝ պետք է գիտակցեն, որ այս խեղճ ժողովուրդն ուղղակի ի վիճակի չէ վճարել: Ախր սրանք պետք է հասկանան, որ եթե այսօր մենք հոսանքի համար վճարում ենք մոտ 20000 դրամ, ապա այս թանկացումից հետո մի քանի հազարով այդ թիվը բարձրանալու է: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի հատ հեռուստացույցից, համակարգչից ու սառնարանից ենք օգտվում: Հպարտ հայ ազգը, որ միշտ պատրաստ է չխեղճանալ, նույնիսկ կաշվից դուրս գալով Նոր տարվա սեղան է գցում, հասել է այն աստիճանի, որ փողոցներում պատրաստ է գիշերել, միայն թե սակագինը չբարձանա:
Հասկացեք, մենք տոկոսների տակ ենք, մենք սնվելու գումար չունենք, մենք մեր զավակների ուսման վարձը չենք կարողանում մուծել, մենք ճարահատյալ մեր ընտանիքի անդամներին ճանապարհ ենք դնում այլ երկրներ, մենք հասել ենք այն աստիճանի, որ սոցիալական հողի վրա սկսում ենք իրար ատել, մենք բուժվելու գումար չունենք: Բավական է, ի՞նչ եք ուզում մեզանից, թողեք գոնե գոյատևենք, ինչպես ասում են՝ թողեք մեր «մահով գնանք», բավական է, մենք այլևս չենք դիմանում այս գնաճերին, սակագների այս բարձացմանը, բավական է, մենք այլևս չենք հանդուրժում ամենաթողությունն ու անպատժելիությունը, բավական է, ինչքան արտագաղթեցինք, բավական է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել