Ինձ հետաքրքրում էր, թե որ ապուշների մտքով էր անցել շաբաթ օրը Ազատության հրապարակ անվադողեր բերել։ Պարզվեց, որ անարխիստների անվան տակ հանդես եկող «վաստակաշատ» մի երկու ակտիվիստներ են, ովքեր նախկինում պարբերաբար նկատվել են տարատեսակ սադրանքների ու անիմաստ բախումներ հրահրելու մեջ։

Ճիշտն ասած, միակ գործոնը, որն ինձ դուր չի գալիս էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիայում, նման կերպարների առկայությունն է ու նրանց բացահայտ ակտիվությունը։ Անարխիստներ, անդրիասիստներ, պայքարիստներ, մայդանիստներ, զոմբիներ... Ինչքան ծախու ու մարգինալիզացված թափթփուկ կա մեր հասարակական դաշտում, հավաքվել է Ազատության հրապարակում, և օրվա հրամայականն է, որպեսզի կազմակերպիչներն ու այդ հավաքներին տասնապատիկ ավելի մեծ թիվ կազմող իսկապես ազնիվ ու ադեկվատ քաղաքացիները զատեն նմաններին իրենց շարքերից, որովհետև նմանների նպատակը բախումներ ու բռնություն հրահրելն ու քաոս սերմանելն է, և նրանք բացարձակապես թքած ունեն բուն պահանջների և դրանց ի կատար ածման վրա։

Եթե դա չարվի, ապա նույն իշխանություններն օգտվելու են նույն այդ սադրիչների գործոնից, ու դրանք կամա, թե ակամա բերելու են նրան, որ արդար բողոքի ալիքն այլասերվի ու ճնշվի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել