ՎԱԶԸ ԵՎ ՄՈՐԵՆԻՆ

 
Գարնանը, երբ վազը որթակոտոր էր եղել և արտասվում էր, եկան բոլոր տունկերը նրան մխիթարելու, նրանց հետ եկավ նաև մորենին։

— Մի լար,— ասում են,— դարձյալ զավակներ կծնես:
Եվ նա պատասխանում է.
— Կծնեմ, և դարձյալ կկոտորեն, և դա ի՞նչ մխիթարություն է։ Մխիթարանքն այն է, որ իմ կենդանի մնացած որդիները պտուղ կտան և մարդկանց ուրախության պատճառ կդառնան։
Եվ սրանով էր վազը մխիթարում իրեն:
Իսկ մորենին ասում է.
— Եկա քեզ մխիթարելու, որ ինձանով սրբես աչքերդ։
— Շնորհակալ եմ այգեգործից, որ պոկում է քեզ իմ արմատից,— պատասխանում է վազը։
Առակս հայտնում է, որ պետք է միառժամանակ մխիթարվել կենդանի մնացածներով, որ մահկանացու է մարդկային ցեղը, և իսկական մխիթարությունն այն է, որ կենդանի մնացած ժառանգները լինեն տիրոջը հաճելի: Բայց անմիտների խոսքը, ինչպես մորենունը, ավելի զայրացնող է, քան` մխիթարություն սգավորին, որ շնորհակալ կլինի, եթե բոլորովին չտեսնի անմիտ մխիթարիչին:

ՆՌՆԵՆԻՆ ԵՎ ԹԶԵՆԻՆ
Նռնենին և թզենին կամեցան սիրով կապվել միմյանց հետ ու երդվեցին քաղցրությամբ, բայց նռնենու թթվության պատճառով ձանձրացավ թզենին, և նրանց դաշինքը խախտվեց.
Առակիս իմաստն այն է, որ սիրողները նախ պետք է փորձեն միմյանց բարքերը, թե բոլոր կողմերով նման են իրար, իսկ եթե ոչ՝ հեշտությամբ կխախտվի սերը։

ԴԵՂՁԸ ԵՎ ՍԵՐԿԵՎԻԼԸ
Ատյանում մեկ անգամ դեղձը հանդիմանել սկսեց սերկևիլին, ասելով։
— Տեսքով դեղին ես ու մարդկանց համար դժվարուտելի։ Իսկ ես բարետես եմ ու դյուրաճաշակ։
Եվ նա ասում է.
— Կեղծավոր ես ամենևին և մարդկանց խաբող, ճաշակելիս քաղցր ես երևում, բայց մտնելով որովայն, շատ վնասներ ես գործում։ Իսկ ես դեղին եմ, քանի որ տեսակցության գնալով և հիվանդությունը վերացնելով՝ ցավակից եմ դառնում հիվանդներին և ոչ թե քեզ պես մերժված եմ նրանցից։
Պարզ է միտքը առակիս, կեղծավորները միշտ ճշմարիտներին հանդիմանում են իբրև վարքով կոպիտների և ներկայացնում իրենց քաղցրաբարո և վշտակից։ Սակայն ճշմարիտ խոսքերը մարդկանց դեղ են, թեև առաջին հայացքից հակառակ են երևում և ցավակցելով նրանց՝ վերացնում են հիվանդությունները:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել