Արդեն տեղեկացվել է, որ հերթական անգամ ԵՊՀ ռեկտոր է դարձել Արամ Սիմոնյանը: Չենք ուզում օգտագործել ընտրություն բառը, որովհետև մեկ թեկնածուի դեպքում ընտրություն չի լինում: Ընտրել՝ նշանակում է դասդասել, զատել, առանձնացնել: Կառավարման խորհրդի 30 անդամն ինչպե՞ս պիտի դասդասեին, զատեին, առանձնացնեին, երբ Արամ Սիմոնյանը միայնակ էր ներկայացել՝ արդեն իսկ կանխորոշված ,,հաղթանակով,,: Հո իրեն չէին դնելու, մաս-մաս անելու, ապա ընտրելու մասերից մեկին… Ինքն, իհարկե, լրագրողների հետ հանդիպման ժամանակ չքմեղացավ, թե ի՞նչ մեղք ունի, որ բաց մրցույթում ուրիշ առաջադրվողներ չեն եղել, բայց ո՞վ չգիտի, որ իշխանությունների կամքի ,,սպասարկու,, Արամ Սիմոնյանի վերանշանակման հարցը վաղուց էր լուծված, որ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող ԵՊՀ կառավարման խորհուրդն այն դիրքորոշումն էր ունենալու, ինչը համահունչ էր Սերժ Սարգսյանի որոշմանը: Եվ ոչ ոք չէր կամեցել մասնակից դառնալ թամաշայի, որտեղ ,,պարողներն,, ու ,,շաբաշ տվողներն,, արդեն հայտնի էին:
,,Ընտրությանը,, հաջորդող ասուլիսը բացահայտեց այս իբր գիտնականի ու ռեկտորի ցինիզմը, արհամարհանքը բոլոր նրանց հանդեպ, ովքեր ապրում են համեստ, իրենց սուղ միջոցներով, ովքեր զբաղված են գիտությամբ, բայց ոչ երբեք հարստություն դիզելով: Խոսելով իր հարստությունների մասին, Արամ Սիմոնյանն այնպիսի հայտարարություն արեց, որը մտավորականին ու առավել ևս երկրի գլխավոր բուհի ղեկավարին անհարիր է: Այսպես կարող էին արտահայտվել դուքանչիներն ու հափռգած օլիգարխները: Լսենք այս մարդու խոսքը. «Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի «կառոբկայի» մեջ չպետք է ապրեմ: Ձկնորսության համար 10 հատ շատ լավ ձկնորսական կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, շատ լավ գրադարան ունեմ, որի 70%-ը նվիրել եմ ԵՊՀ-ին»: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր ապրում են փոքր բնակարաններում, ովքեր հարստություններ չունեն, չեն թալանել, իշխանությունների առջև օրոր-շորոր չեն եկել՝՝ բոմժեր են… Ահա մտավորականի, ակադեմիայի թղթակից-անդամի լեզվամթերքի դրսևորումը, ահա մերօրյա հարուստի աշխարհայացքը… Եվ այս մարդուն է վստահված երկրի երիտասարդության սերուցքի դաստիարակությունը, այս մարդն է նման աշխարհայացքով դաստիարակելու երկրի երիտասարդությանը…Ողբամ զքեզ հայոց աշխարհ, որ գլխավոր բուհիդ ռեկտորն այս գավառացի չտեսն է, որը չէր տեսել պատից կախ, տեսավ ճակատից կախ, որն իր պարզունակ աշխատություներով թղթակից-անդամ է դարձել՝ անպայմանորեն չմոռանալով իր թիկունքին տակավինբ փչող ԿԳԲ-ի շնչառությունը…
Իհարկե, գուցե գիտության մեջ մեծ հաջողությունների չհասած և ակադեմիկոսական մրցույթում ձայներ չստացած մարդն իրավունք ունի նման հայտարարություն անելու, չէ՞ որ ինքն է ներկայացնում. «Պետք է ասեմ, որ մինչև ռեկտոր դառնալը շատ ավելի անշարժ գույք եմ ունեցել: Հիմա ապրում եմ հորիցս ժառանգություն ստացած տանը: Տատիկիցս առանձնատուն էի ստացել Կարպի գյուղում, որը վաճառել եմ և Դիլիջանում տուն եմ գնել, հիմա էլ Բլուր թաղամասում եմ տուն կառուցում, եթե Աստված կամենա, առաջիկա տարիներին կավարտեմ շինարարական աշխատանքները: Աղջիկս չորս սենյականոց բնակարան էր ստացել երիտասարդ մասնագետների շենքում, որի գումարը տարիների ընթացքում վճարել եմ, հիմա էլ այդ բնակարանը վաճառել և երկու սենյականոց բնակարան ենք գնել»: Այսինքն, այս մարդը զբաղված է տներ ու անշարժ գույք ձեռք բերելով ևոչ թե բուհ կառավարելով: Եվ ի՞նչ միջոցներով է կարողացել ունենալ ,,մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ բազմահարկ տուն Դիլիջանում, քոթեջ Սևանի ափին, Երևանի Բլուր թաղամասի նորակառույց էլիտար շենքում առնվազն 300 հազար դոլար արժողությամբ 4 սենյականոց բնակարան, նույն թաղամասում մոտավորապես 120 հազ. դոլար արժողությամբ տուն, որը քանդել է և կառուցել 400-450 քմ բնակելի մակերեսով նոր տուն, որի գինը, ամենահամեստ հաշվարկներով, կազմում է 500 հազար դոլար,,: Սա ասել են նրա գործընկերները, մարդիկ, որոնք չնչին միջոցներով աշխատում են, լսարան մտնում, զբաղվում գիտությամբ… Արամ Սիմոնյանը հայտարարում է, որ ինքը փողատեր է դարձել նաև բազմաթիվ դրամաշնորհների միջոցով: Դիմում եմ երկրի գլխավոր դատախազությանը՝ պարզել, թե ինչ դրամաշնորհներ է ստացել Արամ Սիմոյնաը, որ կարողացել է մի քանի հարյուր դոլար արժողությամբ տներ կառուցել… Ինչպես է, որ համալսարանում ոչ ոք նման դրամաշնորհներ չի ստացել…
Արամ Սիմոնյանի ասուլիսն ապտակ էր մեր մտավորականությանը, մեր գիտությանը: Երբ նման մարդն է ակադեմիայի թղթակից-անդամը, արդեն վարկաբեկվում է այդ ակադեմիան, որևի շատ անդամներ հազօվ են հոգում հաց հանապազօրյայի խնդիրները: Ի վերջո, ապտակ բարեկրթությանը: Հայտարարելով իր ունեցվածքի մասին և ծաղրելով չունևորներին, նա նաև հուշում է, որ ոչ ոք ազնիվ վաստակով չէր կարող նման ունեցվածքի տեր դառնալ, թեկուզ 400 հազար ռեկտորական և 100 հազար ակադեմիական աշխատավարձերով: Ուրեմն, հուշում և ուղղորդում է բոլորին, որպեսզի սևեռվեն այդ գումարների ծագմանը: Ռեկտորը չի հերքել, որ համալսարանում կոռուպցիա կա, կա կաշառակերություն… Այսինքն, իր գումարների ծագումնաբանությունն առնչվում է կոռուպցիային:՞ Ես չեմ ասում: Ինքն է ասել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել