Աժ պատգամավոր

Հայ ազգային կոնգրեսը կառավարությանն է ուղարկել հարցապնդում կոռուպցիայի, մենաշնորհների ու ազատ տնտեսական մրցակցության խաթարման վերաբերյալ, որում մասնավորապես նշված են մենաշնորհային ոլորտները: Հարցապնդման մեջ նշվում են բարձր կենտրոնացված շուկաները, որոնցից մի քանիսն ունեն չափազանց մեծ կենտրոնացվածություն՝ շաքարավազ, ցորեն, ալյուր, բուսական յուղ, բրինձ, կարագ: Սրանք առաջին անհրաժեշտության ապրանքներ են, եւ այս շուկաները ԱԺ փառապանծ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի մենաշնորհն են:
Հարցապնդման մեջ նշված են այլ շուկաներ եւս՝ շինանյութ, վառելիք, դեղեր, առեւտրային ցանցեր, որտեղ կա բարձր կենտրոնացվածություն, որոնց մենատերերը անխտիր Հանրապետական կուսակցության անդամներ են: Այդ թվում եւ Սամվել Ալեքսանյանը: Սակայն, վերջինիս վիճակն առավել ծանրն է թե շուկաների բնույթի ու քանակի, թե դրանցում առկա տարբեր հակաօրինական երեւույթների, թե այսպես ասած քաղաքական առումով:
Այդ շուկաներն ամենաանմիջական առնչությունն ունեն մարդկանց նվազագույն կարիքներին: Դրանց մասին բոլորն են խոսում, այդ թվում եւ իշխանության ներկայացուցիչները: Բացի այդ, դրանք «համեղ պատառ» են, անպարտ շուկաներ, որոնց միշտ շրջանցում են «ճգնաժամերը» եւ որոնք չտեսնված գերշահույթ են ապահովում:
Ինքը՝ Սամվել Լիմինդրովիչը, այնքան էլ վառ ու ծանրակշիռ գործիչ չէ, կարելի է ասել, որ նույնիսկ «հանգամանքների երջանիկ բերումով» է դարձել նման գերշահութաբեր ոլորտների մենատեր: Հայկական մամուլը տարբեր տարիների անդրադարձել է այդ հանգամանքներին, որոնց հետեւում երբեմն ողբերգական իրադարձություններ են: Խոսքն այն մասին է, որ Ալեքսանյանին այդ «իրավունքը» տրվել է տարաբնույթ հանգամանքների ու ծառայությունների դիմաց, որոնք օրինականության սահմանից բավական հեռու էին: Բանը հասել էր նրան, որ Սամվել Ալեքսանյանին նույնիսկ ԱՄՆ Պետդեպն էր համարել «քրեական օլիգարխ»:
Մամուլը երբեմն փորձում է քաղաքական «իմիջ» կերտել Սամվել Ալեքսանյանից, սակայն այդ փորձերը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով արագ վերածվում են ջրիկության: Որոշ շրջանակներ նրան նույնիսկ ներկայացնում էին զոհի դերում՝ նշելով, որ իշխանությունը ստիպել է նրան վերցնել այդ մենատիրության բեռը եւ մղել տարբեր հակաօրինական քայլերի, նաեւ ծանր «նալոգ» դնելով նրա վրա: Բայց նույնիսկ այդ «սխեման» քիչ ինչ չլրջացրեց Սամվել Լիմինդրովիչի քաղաքական կշիռը: Նրանից, ինչպես ասում են, քաղաքական գործիչ դուրս չեկավ, թեեւ նա մի քանի անգամ հայտարարեց, թե ինքը քաղաքական գործիչ է:
Կոնգրեսի այս հարցապնդումն էլ, ըստ ամենայնի, լրջանալու զգուշացում է Սամվել Ալեքսանյանին, մանավանդ եթե հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի ելույթը, որում օլիգարխներին կոչ էր անում անցնել ժողովրդի կողմը, այլապես նրանց սպասվում է բոմժ դառնալու հեռանկարը: Հիմա Սամվել Ալեքսանյանը, ժամանակների անխուսափելի տրամաբանությամբ, պետք է ընտրություն կատարի՝ «անցնի ժողովրդի կողմը», թե ոչ: Օրինակ, Ծառուկյանն «անցավ», հայտարարելով, որ պատրաստ է նաեւ կորուսների, որից հետո Կոնգրեսը դադարեցրեց հարձակումները Ծառուկյանի ու ԲՀԿ-ի դեմ: Սամվել Ալեքսանյանը, ճիշտ է, կուսակցություն ու Ծառուկյանի խարիզման չունի, սակայն գոնե սեփական գերշահույթը հաշվելու կարողություն պետք է որ ունենա: Եւ թերեւս երկար ու ծանրատանջ կխորհի, թե ում հետ է պետք «կիսվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել