Հայտնի իմաստությունն ասում է, որ դեպի դժոխք տանող ճանապարհը բարի նպատակներով է սալիկապատված։ Սա բազմիցս է ապացուցվել, հատկապես՝ հեղափոխությունների ու հեղաշրջումների օրինակով, իսկ դրա ամենավառ ու ակտուալ ապացուցյը դարձավ ուկրաինական Մայդանը։

Չի կարելի մոռանալ, թե ինչից սկսեց ամեն ինչն Ուկրաինայում ու ինչպես զարգացավ։ Ի հեճուկս ռուսական քարոզչամեքենայի պնդումների, այնպես չէր, որ այն ի սկզբանե գործակալների հավաք էր ու միայն Պետդեպի վկաների ձեռքով արվեց ամենը։ ընդհանրապես, ոչ մի հեղափոխություն ու հեղաշրջում չի կարող լինել, եթե չլինեն օբյեկտիվ հանգամանքներ, որոնք հարուցում են բնակչության մեծամասնության դժգոհությունն ու ընդվզում։ Այլ հարց է, որ այդ արդար բողքային տրամադրությունները մանիպուլացնելու ու ուղղորդելու հատուկ տեխնոլոգիաներ կան, որոնք էլ կիրառվեցին Ուկրաինայում։ Արդյունքը գիտենք. հանուն Յանուկովիչի ատելի ռեժիմի ու ինչ որ վերացական տեսլականի, Ուկրաինան կործանեցին ու հիմա այնտեղ տնտեսությունը ավերակների մեջ է, օլիգարխները էլ ավելի հզոր են ու հարուստ, ժողովուրդն էլ ավելի աղքատ է ու անիրավ, իսկ երկիրը տրոհված է մի քանի մասերի ու ամեն օր մարդիկ են զոհվում՝ Երկրի Արևելքում ծավալվող քաղաքացիական պատերազմում։ Սակայն այս ամենը սկսվեց նրանից, որ մարդիկ դուրս եկան փողոց՝ պայքարելու ընդդեմ Յանուկովիչի կոռումպացված ռեժիմի, որն իրոք այդպիսին էր։

Հիմա Հայաստանում նոր զարգացումներ են սկսվել, որոնք ինչ խոսք, օբյեկտիվ հիմքեր ունեն ու սակագնի թանկացման դեմ հանրահավաքներում բարձրացվում են հարցր, որոնք բխում են բոլորի շահերից, այդ թվում նաև իմ։ Սակայն, ես արդեն մի քանի ահազանգ եմ նկատում, որ այս արդար բողոքի ալիքն ուզում են օգտագործել այլ․ նպատակների ու մայդանացման համար։ Խոսքը իհարկե բոլոր հավաքվածների մասին չէ, ոչ էլ համակիրների, այլ մարդուկների մի փոքրիկ խմբի, ովքեր սակայն լավ պատրաստված են ու թրծված՝ փողոցային պայքարը ուղղորդելու ու տաքացնելու տեխնոլոգիաներով։

Ուսումնասիրեք հանրահավաքի երիտասարդ ամենաակնառու ակտիօվիստների էջերը ու կտեսնեք, որ նրանք բոլորը մեկ մարդու պես ակտիվ պրո-մայդանական դիրքորոշում ունեն։ Ավելին, նրանցից շատերը նույնիսկ «վերապատրաստվել» են ուկրաինայում, իսկ նրանց ֆեյսբուքյան հռետորաբանությունը ու այն քայլերը, որոնք նրանք փորձում են ձեռնարկել ազատության հրապարակում՝ մեկին մեկ կրկնում են ժամանակին ակտիվ մայդանական ակտիվիստների հռետորաբանությունն ու մարտավարությունը. ավտոերթեր, անվադողեր, նստակյաց խաղաղ հավաքներ...

Սա սկիզբն է միայն, ի վերջո, դեռ երկրորդ օրն է, ինչ ակցիան մեկնարկել է ու ամեն ինչ դեռ խաղաղ է, բայց եթե իմ հոտառությունն ինձ չի դավաճանում, ապա լարվածության աստիճանը գնալով կատալիզացվելու է ու տարբեր էկսցեսսներ են տեղ գտնելու, որոնք միայն ավելի են հզորացնելու բողոքի ալիքը։

Կրկնում եմ, չի կարելի մոռանալ Մայդանի դասերը և( եթե չենք ուզում, որ մեզ մոտ էլ մեր բարի նպատակները ծառայեցնեն մեր դեմ ու աղետալի հետևանքներ ստեղծել՝ իրենց տերերի կարգադրությամբ, հրապարակվում հավաքված պարկեշտ մեծամասնությունը, պետք է կամք ու ողջամտություն դրսևորի ու կարողանա ինքնամաքրվել՝ ներդրված տարրերից, որոնց նպատակը ոչ էլեկտրաէներգիայի սակագնի պահպանումն է, ոչ էլ սոցիալական ու քաղաքական արդարությունը։ Նրանց նպատակը քաոսն է ու այդ քաոսից ծնվող հնարավորությունները՝ բարձրանալու և նրանք թքած ունեն, կամ էլ չեն գիտակցում, թե ինչ ծանր հետևանքներ կարող է դա ունենալ ժողովրդի ու երկրի համար։

Իսկ պայքարը պետք է շարունակել միանշանակ, այդ թվում նաև փողոցային բողոքի ձևաչափով, պարզապես պետք է անել այնպես, որ դրանից չօգտվեն կասկածելի տարրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել