«Քաղաքականությունը վատ մասնագիտություն չէ: Եթե դուք քաղաքական կարիերա եք ստեղծել, ապա ձեզ սպասվում են պարգևներ, իսկ եթե խայտառակվել եք, ուրեմն միշտ էլ կարելի է սկսել գիրք գրել»:
Ռ.Ռեյգան

Լաբիրինթոս. ահա թե ինչ է իրենից ներկայացնում այս ֆիլմը: Հսկայական լաբիրինթոս` կազմված բազմաթիվ ենթադրություններից, որոնք կառուցվում են ինչպես գլխավոր հերոսի, այնպես էլ մեր` հանդիսատեսի կողմից:
Ֆիլմի սյուժեն պատմում է այսպես կոչված «գրչի ուրվականների» մասին: Այսինքն` անդեմ գրողների, որոնց վարձում են մշակույթի, քաղաքական գործիչները կամ այլ հանրային դեմքերը, ում կյանքը կարող է հետաքրքրել հասարակությանը: «Ուրվականները» այդ մարդկանց փոխարեն կազմում են նրանց հուշագրերը, կատարում ողջ սև գործը` հավաքելով տեղեկություններ «հեղինակի» մասին և դրանք մատուցելով հեշտ կարդացվող ձևաչափով: Ֆիլմի գլխավոր հերոսը հենց այդպիսի «գրական ստրուկ» է, որի աշխատանքը կայանում է նրանում, որ նա պետք է խմբագրի մի քաղաքական գործչի հուշագրերը, որոնք կազմել է իր նախորդը` մեկ այլ «ուրվական»: Այնուհետև նա պետք է խոշոր գումար ստանա դրա դիմաց: Թվում է, թե ամեն բան լավ է. մեծ հոնարար և հարմարավետ պայմաններ պատվիրատուի կողմից... Վերջ: Եթե չլիներ մի ԲԱՅՑ: Պատմությունը, որի մեջ ընկնում է «ուրվականը», չափազանց խճճված է և վտանգավոր: Նրա նախորդը մահացել է ոչ բնական հանգամանքներում, այսպես ասած` «դժբախտ պատահարում»: Գլխավոր հերոսը սկսում է հետաքննություն` թափառելով լաբիրինթոսի ոլորաններում և անընդհատ հանդիպելով հուշումների, որոնք թողել է իրենից առաջ այդ լաբիրինթոսում թափառողը...
Ֆիլմը դիտելիս բավականին հետաքրքիր է հետևել այդ ամենին, կառուցել սեփական ենթադրություններն ու վարկածները` իրադարձությունների շղթային ավելացնելով առանձին օղակներ:
Էսթետիկ առումով ֆիլմը հիասքանչ է. պատկեր, երաժշտություն, դերասանական խաղ, սյուժե... Ռոման Պոլանսկիի հիանալի ռեժիսորությամբ մատուցված գեղեցիկ և որակյալ ֆիլմ:
Խորհուրդ եմ տալիս դիտել ն
րանց, ովքեր սիրում են ֆիլմեր, որոնք հագեցած են լուծում պահանջող հանելուկներով:

Հ.Գ. Ամեն դեպքում, քաղաքականությունը կեղտոտ բան է:)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել