Ռուբեն Ֆիլյան

Անիին ճանաչում էի վաղուց, բայց զրուցելու առիթ ունեցանք նրա համար ընդամենը, իսկ ինձ համար՝ ամբողջ մեկ ամիս առաջ: Ես նրան պատմում էի Նարեկացու, Կոմիտասի, Ազնավուրի մասին, և մեր ընկերությունը դանդաղորեն առաջանում էր դեպի…
Մեր արդեն սովարական դարձած հանդիպումներից մեկի ժամանակ էլ առաջարկեցի նրան ինձ հետ կիսել մի մտահղացում, որի իրագործմանը պիտի մասնակցեինք միայն երկուսս: Ինչպես և միշտ, այն օրն էլ արևը պատրաստվում էր հագնել իր սև գիշերանոցը, որը գցել էր աստղերի ու երկնքի վրա և պառկել քնելու: Հանկարծ նա ցանկացավ մի վերջին հայացք պարգևել աշխարհին և մեզ տեսավ երկնքում՝ զբոսայգու նստարաններից մեկի վրա:
Արևը երբեք չի զարմանում: Նա հորանջեց և պառկեց քնելու: Երբ արևը հագեցավ քնից և ուզեց հանել սև գիշերանոցը, ի զարմանս նրա նորից տեսավ մեզ երկնքում: Արևը զարմացավ: Եվ գիտե՞ք ինչից:
Նա երազում լսել էր մեր զրույցը և, պատկերացրեք, անգիր հիշում էր իմ խոսքերը: Ես Անիին ասում էի.
-Դու համաձայնն էիր ինձ հետ, որ բոլոր ընկերությունների վերջակետը միակն է: Ընկերության սկզբնակետ-վերջակետ: Իմ կարծիքով այս գծիկը շատ երկար է, ինչու՞ չկարճացնել այն: Այս բառերը կրքիս թելադրանքն էին լոկ: Ես ողջ հոգով կցանկանայի, որ նա հրաժարվեր, գեթ մի բան լիներ պայքարելու համար: Ես զգում էի, որ հասարակությունը ճիշտ էր, բայց նույն կիրքը թույլ չէր տալիս ինձ խոսել: Եվ, ավաղ. նա համաձայնեց…
Մի շուն հաչում էր, բայց չգիտես ինչու, ես չէի նկատում այդ: Վերջակետից հետո ես արդեն լսում էի միայն այդ շան միալար հաչոցը, և այդ հաչոցը ինձ թվում էր միապաղաղ մի սիմֆոնիա: Հաջորդ օրը արև կարծես երկուսիս համար էլ խամրել էր, երեկվա զարմացած հայացքը ու փայլը չուներ: Որովհետև մեր երևակայությունները այլևս այն ուժը չունեին, որպեսզի նստարանին և մեզ բարձրացնեին երկինք:
Չնայած դրան մենք շարունակում էինք նստել նստարանին: Բայց նստարանին կառչած մենք դիմացանք նրա համար ամբողջ, իսկ ինձ համար ընդամենը մեկ ամիս, որից հետո մենք հեռացանք մեզ կապող նստարանից: Նույնսիկ տարիներ հետո նստարանն ու արևը երբեմն հիշում էին մեզ:
Սովորաբար ես նստարանի մոտով անցնում էի այն պահին, երբ արևը պատրաստվում էր հագնել իր սև գիշերանոցը: Նստարանը ստիպում էր ինձ նստել, իսկ արև՝ մտածել: Սակայն շուտով ես ստիպված էի լինում հեռանալ: Իմ կողքին նստում էր մի նոր զույգ:
Նստարանը այժմ նրանց էր պատկանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել